Հայտարարագրերի ինստիտուտը հանրության համար թափանցիկություն ապահովելու համար է. Հ. Սահակյան
ПолитикаԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը օրերս հրապարակել էր Գեորգի Կուտոյանի՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ինչը մեծ ամուկ բարձրացրեց լրատվական ոլորտում: Ինչպես տեսնում ենք, Գևորգ Կուտոյանի և նրա ունեցվածքի մասին տարատեսակ խոսակցությունները դեռ շարունակում են թեժ մնալ, ինչի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց ԱԺ պետաիրավական մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի ինստիտուտը ներդրվել է, որպեսզի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների մասին տեղեկությունները թափանցիկ լինեն հանրության համար»,-ասաց նա՝ հավելելով, որ, ցավոք, շատ դեպքերում այս մեխանիզմը հանրության ու լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ է օգտագործվում:
«Վերջերս անգամ մամուլում թյուրըմբռնում տեղի ունեցավ նույն թեմայի վերաբերյալ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանի՝ Արման Թաթոյանի և ԱԱԾ նորանշանակ տնօրենի Գևորգ Կուտոյանի հետ կապված: Հանրային ծառայության մասին օրենքով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք նոր պաշտոնի նշանակվելու դեպքում 15 օրվա ընթացքում նոր հայտարարագիր են ներկայացնում, որտեղ տեղ են գտնում ավելի թարմ տեղեկություններ: Այն տվյալները, որոնք վերցվել էին պարոն Կուտոյանի հայտարարագրից, ավելի վաղ էին արված և եթե նոր գույք ձեռք չի բերվել, ապա տեղեկությունը թարմացվում է միայն եկամուտների մասով: Կարծում եմ, որ այս հանգամանքը լրատվամիջոցները մի փոքր շեղությամբ են վերցրել»,- ասաց Հովհաննես Սահակյանը: