Զիդան. Չէի ցանկանա, որ Ռոնալդուն ամռանը հեռանար
СпортԵս չէի ցանկանա, որ Ռոնալդուն ամռանը վաճառվեր, ասել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման նախախաղային ասուլիսում:
«Ես ցանկանում եմ Ռոնալդուին տեսնել «Ռեալում»: Այո, երկրպագուները նրան սուլել են, բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունենում է այդպիսի փուլ իր կարիերայում: Ես նույնպես ունեցել եմ այդպիսի փորձ ֆուտբոլիստի կարգավիճակում, այժմ այդպիսի բան տեղի ունեցավ նաեւ մարզչական կարիերայումս:
«Ռոման» ուժեղ, լավ թիմ է, սակայն ես ձգտում եմ մտածել իմ թիմի մասին: Սպասվում է շատ բարդ հանդիպում: Եթե լավ չխաղանք, «Ռոման» կարող է մեզ դուրս թողնել Չեմպիոնների լիգայից: Ինձ համար միշտ ամենակարեւոր հանդիպումը հաջորդն է:
Բեյլն ու Մարսելոն պատրաստ են վաղվա խաղին: Խամես Ռոդրիգեսը շատ է աշխատում եւ առաջադիմում է»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Մարտի 8-ին Մադրիդում կայանալիք հանդիպմանը չի մասնակցի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո:
Հիշեցնենք, որ Իտալիայում կայացած առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 2:0 հաշվով: