Ալեգրի. Չեմ հեռանա «Յուվենտուսից»
СпортՎստահեցնում եմ, որ հաջորդ մրցաշրջանում եւս կլինեմ «Յուվենտուսում», ասել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, թեեւ եվրոպական մամուլի տվյալներով, իտալացի մասնագետը բանակցում է Լոնդոնի «Չելսիի» եւ Մադրիդի «Ռեալի» հետ:
«Ոչ մի ակումբի հետ չեմ բանակցում: «Յուվենտուսի» հետ իմ պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, եւ ես չեմ հեռանա: Առջեւում մրցաշրջանի ավարտն է, տրամադրվում ենք հաղթանակի Իտալիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում, լրջորեն ենք տրամադրված նաեւ Չեմպիոնների լիգայում: «Յուվենտուսում» ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունեմ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է sport.sky.it-ը:
48-ամյա Ալեգրին 2014-ին է «Միլանից» տեղափոխվել «Յուվենտուս»: Անցած մրցաշրջանում նրա գլխավորությամբ թուրինյան ակումբը նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվեց «Բարսելոնային»: