ՀԱՊԿ որոշ երկրների պահվածքից ՀՀ Նախագահի արտահայտած դժգոհությունը դրական արդյունք է տվել. Շարմազանով
ПолитикаՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշ երկրների դիրքորոշման կապակցությամբ ունեցած դժգոհության մասին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն անհետևանք չի մնացել և դրական արդյունք է տվել: Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե հաշվի առնենք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը և համեմատենք այն մի քանի ամիս առաջ տիրող իրավիճակի հետ, կտեսնենք, որ դրական առաջընթաց կա: «Իհարկե դա բավարար չէ։ Այն, որ խնդիրներ կան, հասկանալի է։ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստերի ժամանակ պաշտպանում են այն դիրքորոշումները, որոնք չեն բխում հենց կազմակերպության պաշտոնական դիրքորոշումից։ Մեզ համար անընդունելի է, երբ մեր դաշնակիցները պասիվ դիրքորոշում են ընդունում»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է երկրի շահերից և արդարացված է: «Մենք մեզ ՀԱՊԿ լիիրավ անդամ ենք համարում։ Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի հետ մենք միշտ միասնական դիրքորոշում ենք ունեցել»,- հավելեց նա: