Ճապոնիայի դեսպանը հանդիպեց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի սաների հետ
СпортԻնչպես հայտնում է Orer.am-ը, այսօր՝ մարտի 9-ին, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան հյուրընկալել էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի սաները ցուցադրեցին մարտարվեստի բարդ հնարքներ, որից հետո Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը պարոն Էյջի Տագուչիին հանձնեց հավաստագիր՝ ի նշան Ճապոնիայի դեսպանության եւ Կարատեի ֆեդերացիայի միջեւ համագործակցության:

Orer.am-ի հետ զրույցի ժամանակ դեսպանը մեծ ոգեւությամբ նշեց, որ տպավորված է կազմակերպված միջոցառումից. «Բավական տպավորված եմ հանդիպումից: Ես գիտեմ, որ Հայաստանում, բացի կարատեից, տեղի բնակչությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ այկիդոյի եւ ձյուդոյի նկատմամբ:
Ես շատ շահագրգիռ եմ, որ Հայաստանում այդ սպորտաձեւերը զարգանան ու մեծ պահանջարկ ունենան: Պետք է նշեմ, որ այս տարի աշնանը ծրագրում ենք կազմակերպել մեծ մրցույթ վերոնշյալ սպորտաձեւերից»,- ասաց դեսպանը:

Ֆեդերացիայի նախագահ Գ.Միքայելյանը, կարեւորելով դեսպանի այցը ֆեդերացիա, ընդգծեց. «Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի համար Ճապոնիայի դեսպանի՝ պարոն Էյջի Տագուչիի այցի կարեւորությունը բավական մեծ է:
Սա Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի եւ Ճապոնիայի ֆեդերացիայի միջեւ համագործակցության առաջին քայլն է: Համոզված եմ, որ այս համագործակցությունից մեր մանուկներն ու երեխաները միայն օգուտ կքաղեն եւ նրանց ուսումնամարզական վիճակը մի քանի անգամ կբարձրանա:

Կարատեն այսօր Հայաստանում սպորտաձեւերից ամենամասշտաբայինն է, ուստի, բացի պետական ուշադրությունից, մենք կփորձենք հնարավոր բոլոր այլ տարբերակներով եւս օգտակար լինել մեր երեխաներին: 2020 թվականին կարատեն՝ որպես մարզաձեւ, ներառված կլինի նաեւ օլիմպիական խաղերի ժամանակ: Այն անցկացվելու է Ճապոնիայում»: