Եվրոպայի լիգա. «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմ»-ին, «Լիվերպուլ»- ը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին
СпортՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 10-ին և 11-ին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սեփական հարկի տակ կհյուրընկալի անգլիական «Տոտենհեմ»-ին: Երկու թիմերն էլ իրենց երկրների ազգային առաջնություններում շարունակում են պայքարը չեմպիոնի կոչման համար ու Եվրոպայի լիգայի խաղարկության գավաթը հաղթելու հիմնական հավակնորդներից են:
Դորտմունդի «Բորուսիա»-ն գերմանական Բունդեսլիգայի 25 տուրերի արդյունքներով հավաքել է 58 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիա»-ին զիջելով 5 միավոր: Լոնդոնի «Տոտենհեմ»-ը անգլիական պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացրած 29 խաղերից հետո հավաքել է 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Լեսթեր Սիթի»-ին զիջելով 5 միավոր: Թե Դորտմունդի «Բորուսիա»-ն, թե Լոնդոնի «Տոտենհեմ»-ն ընթացիկ մրցաշրջանում հաջող ու գեղեցիկ ֆուտբոլ են ցուցադրում, ուստի կարելի է ենթադրել, որ մարտի 10-ին երկրպագուներն ականատես կլինեն հարձակվողական ու հետաքրքիր խաղի, իսկ թե որ թիմին կհաջողվի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել, ցույց կտա ժամանակը:
Բացի «Բորուսիա Դորտմունդ»-«Տոտենհեմ» խաղից, երկրպագուների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև իսպանական «Ատլետիկ Բիլբաո» և «Վալենսիա» թիմերի, ինչպես նաև անգլիական «Լիվերպուլ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դիմակայությունները: Անգլիական երկու ակումբները կորցրել են երկրի ազգային առաջնությունը հաղթելու հնարավորությունները և կփորձեն հաջողության հասնել Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Իսպանական «Վալենսիա»-ի և «Ատլետիկո»-ի գործերն ազգային առաջնությունում նույնպես հաջող չեն ընթա նում, հետևաբար թիմերը կփորձեն իրենց երկրպագուներին ուրախացնել Եվրոպայի լիգայի խաղարկության խաղերում:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում մարտի 10-ին տեղի կունենան հետևյալ հանդիպումները.
«Բազել» (Շվեյցարիա)-«Սևիլիա» (Իսպանիա)
«Ֆեներբախչե» (Թուրքիա)-«Բրագա» (Պորտուգալիա)
«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)-«Անդերլեխտ» (Բելգիա):
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)-«Տոտենհեմ» (Անգլիա)
Մարտի 11-ին տեղի կունենան հետևյալ հանդիպումները.
«Ատլետիկ Բիլբաո» (Իսպանիա)-«Վալենսիա» (Իսպանիա)
«Լիվերպուլ» (Անգլիա)-«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Սպարտա» (Չեխիա)-«Լացիո» (Իտալիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա)-«Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա)