«Բորուսիա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Տոտենհեմ»-ին, Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը
СпортՖուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ խոշոր 3:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմ»-ին:
Հանդիպման հենց մեկնարկից դաշտի տերերն իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը՝ ցույց տալով, որ պատրաստվում են խաղալ առաջին համարով: Հանդիպման առաջին իսկ րոպեներից գերմանական թիմը տարածքային և խաղային առավելություն ստացավ: «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, իսկ «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստները երբեմն փորձում էին սուր հակագրոհներ ձեռնարկել: Առաջին խաղակեսի վերջնամասում գերմանական թիմը սկսեց ճնշում գործադրել մրցակցի դարպասի մոտ: «Բոր ուսիա»-ի ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր գրոհ անցկացրին, իսկ 30-րդ րոպեին եզրից Մարսել Շմելցերի կատարած փոխանցումից հետո Օբամեյանգը գլխի գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին՝ չնայած որ խփած գոլից հետո էլ «Բորուսիա»-ն շարունակում էր ճնշում գործադրել մրցակցի վրա:
Երկրորդ խաղակեսը ևս մեկնարկեց գերմանական թիմի ակտիվությամբ: Արդեն երկրորդ կեսի մեկնարկին «Բորուսիա»-ն կարող էր կրկնապատկել խաղի հաշիվը, սակայն Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հարվածն իր վրա ընդունեց պաշտպանը ու շեղեց գնդակի ուղղությունը, իսկ վրա հասած Գոնսալո Կաստոն չկարողացավ գրավել դատարկ դարպասը՝ հարվածելով ուղղահայաց դարպասաձողին: Այնուհանդերձ, «Բորուսիա»-ի տարածքային ու խաղային մեծ առավելությունն ի վերջո տվեց իր արդյունքը: Հանդիպման 61-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Նեվեն Սուբոտիչը գնդակը գլխով ուղարկեց Մարկո Ռոյսին, ով էլ մոտ տարածությունից երկրորդ գնդակն ուղարկեց անգլիական թիմի դարպասը:
«Բորուսիա»-ն նույնիսկ երկրորդ գոլից հետո չթուլացրեց ճնշումը ու ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Եզրից Գոնսալու Կաստրոյի կատարած գեղեցիկ փոխանցումից հետո Մարկո Ռոյսը դուբլ ձևակերպեց հանդիպման 70-րդ րոպեին: Մնացած ժամանակահատվածում գոլեր չարձանագրվեցին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում խաղադաշտ էր դուրս եկել հանդիպման մեկնարկային րոպեներից ու մասնակցեց ողջ հանդիպմանը: Հայ կիսապաշտպանը խաղադաշտում ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկն էր: Նա մի քանի անգամ մրցակցի դարպասը գրավելու հնարավորություն ստացավ, սակայն չկարողացավ իրացնել պահերը: