Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք լուծում կստանան նոր ԸՕ-ով
ПолитикаԱյսօր տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը, որի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ քննարկումը նպատակ ունի վեր հանել ԸՕ բոլոր անհասկանալի դրույթները: «Ընտրական օրենսգրքով պետք է փորձ արվի լուծել այն հիմնական խնդիրները, որոնք դրված են Սահմանադրության մեջ, մասնավորապես` համամասնական ընտրակարգ ապահովելը, կայուն մեծամասնություն ապահովելը եւ մի շարք այլ խնդիրներ, որոնք դրված են Սահմանադրության հիմքում: Այս տեսանկյունից Ընտրական օրնեսգրքում փորձ է արվել լուծում տալ այն հարցերին, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն անգամ բարձրաձայնվել են եւ խնդրահարույց են համարվել»,- ասաց նա` հավելելով, թե ցանկանում է առաջին հերթին անդրադառնալ համամասնական ընտրակարգի ապահովմանը:
«Սահմանադրությունը նախատեսում է, որ ԱԺ-ի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրական համակարգով եւ այս ընթացքում համամասնականի տարատեսակ մոդելների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհում կան համամասնական ընտրակարգով տարբեր երկրներ եւ դրանք ունեն բազմաթիվ առավելություններ ու թերություններ: Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը համամասնական ընտրակարգի դեպքում համարվում է ընտրողի եւ ընտրատարածքի միջեւ կապի բացակայությունը, իսկ մեծամասնական ընտրական համակարգի պարագայում գործ ունենք անհատի գործոնի ընդգծման կամ շեշտման հետ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի՝ այն մոդելը, որն առաջարկվել է, կուսակցության եւ անհատի սկզբունքների համադրման հաջողված մոդել է: «Մենք առաջարկում ենք, որ ՀՀ տարածքը բաժանվի 13 ընտրատարածքների, 9-ը` մարզերում, 4-ը` Երեւանում: Սրանով կերաշխավորվեն համամասնական ընտրական համակարգի առավելությունները, եւ ընտրողը հնարավորություն կունենա հասկանալու, թե ով է իր պատգամավորը եւ որ տարածքից է նա»,- ասաց նախարարը:
Քննարկման ընթացքում նախարարը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված է համապետական եւ տարածքային ցուցակները հիսուն-հիսուն սկզբունքով բաշխվելու գործընթացը: «ԱԺ ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին կարող ենք խոսել այն դեպքում, երբ որեւէ կուսակցություն ստացել է 53 մանդատ կամ ընդհանուր 51 տոկոսը: Մենք նախատեսում ենք նաեւ, որ, հնարավոր է, ձեւավորվեն կոալիցիաներ, բայց ավելի կարեւոր է այն, որ Սահմանադրությունը նախատեսում է կայուն խորհրդարանական մեծամասնության համակարգը»,- ասաց նախարարը:
Սոսե Չանդոյան