Վենգեր. Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հետ կապված հույսերս չեն մարել
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ուոտֆորդի» հետ խաղից առաջ նշել է, որ իր թիմը չի կորցրել ընթացիկ մրցաշրջանում տիտղոս նվաճելու հնարավորությունը:
-Չեմ կարող ասել, թե Գավաթի խաղարկությունն «Արսենալի» համար տիտղոս նվաճելու ամենալավ տարբերակն է: Չեմ մտածում այդ մասին: Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հետ կապված հույսերս չեն մարել: Մարզիչը պետք է մտածի յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին, իսկ այս դեպքում դա գավաթային հանդիպումն է: Առջևում երկար ճանապարհ կա, բայց մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք կայուն արդյունքների հասնել:
Լրտեսե՞լ ենք «Ուոտֆորդին»: Այո, ամբողջ շաբաթվա ընթացքում նրանց մոտ լրտեսներ ենք ուղարկել: Կատակում եմ: Մենք հարգում ենք «Ուոտֆորդին», և կարծում եմ՝ այս թիմը նման վերաբերմունք ունի մեր նկատմամբ: Լրտեսելու սահմանները չենք հատել: Գուցե մտածել եմ այդ մասին, բայց նման բան չենք արել,-Վենգերի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:
Հավելենք, որ «Արսենալ»-«Ուոտֆորդ» խաղը կայանալու է մարտի 13-ին: Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետո լոնդոնյան թիմը 8 միավորով զիջում է առաջատար «Լեսթերին», իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվել է «Բարսելոնային»: