Սասուն Միքայելյանն իմ կուսակցական գործընկերն է, եւ նման խոսակցություններ կուսակցությունում չեն եղել. Արայիկ Հարությունյան
ПолитикаԻնչպես հայտնի է, ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում եւ դրանց հարակից գյուղերում: Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկայիս քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը եւ «Հայկական վերածնունդ» («Օրինաց երկիր») կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Թեեւ Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Հրազդանի մեր աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում ֆավորիտ թեկնածուներից մեկի՝ Սասուն Միքայելյանի մասին:
Պարզվում է, որ տարաբնույթ խոսակցությունների եւ տարբեր շրջանակների հետ հանդիպման ժամանակ Սասուն Միքայելյանն ասել է, որ Հրազդանի քաղաքապետ ընտրվելու համար հենց իր շանսերն են ամենաշատը, քանի որ այդ հարցում իրեն հաջողվել է ստանալ Սերժ Սարգսյանի «դաբրո»-ն: Ընդդիմադիր ուժի ներկայացուցչի նման պահվածքը, ինչ խոսք, հետաքրքիր հետեւությունների շարժառիթ է հանդիսանում, ինչի հետ կապված էլ Orer.am-ը կապ հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ով, սակայն, չցանկացավ մեկնաբանել քաղաքական կուլիսներում տարածվող լուրերը: «Ես նման լուրերին անլուրջ եմ վերաբերվում, որովհետեւ Սասուն Միքայելյանն իմ կուսակցական գործընկերն է, եւ նման խոսակցություններ կուսակցությունում չեն եղել»,- ասաց նա:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ այս ամենի մեջ իշխանության մատն է խառը. «Պարբերաբար ընդդիմության ներկայացուցիչներին կապում են իշխանության հետ, նույն իշխանությունն էլ է այդ գործելաոճն օգտագործում, քանի որ իրենք գիտեն՝ որքան վատն են ու որ ցանկացած ասոցիացիա իրենց հետ կապված, պետք է բացասական ազդեցություն ունենա այս կամ այն ընդդիմադիր գործչի վարկանիշի վրա, այդ իսկ պատճառով էլ նման խոսակցություններ են տարածվում»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան