Եկեք Կիկոսի մահը չսարքենք. կլինի կոնկրետ իրավիճակ, կլինեն կոնկրետ լուծումներ. Նիկոլ Փաշինյան
ПолитикаԱյսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերին, թե Խաչատուր Սուքիասյանը, հնարավոր է, խորհրդարանական ընտրություններին իրենց կուսակցության ցուցակով ներկայանա Ազգային ժողով, հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել, որ կուսակցության համամասնական ցուցակով կարող են լինել միայն կուսակցության անդամները, իսկ Խաչատուր Սուքիասյանը կուսակցության անդամ չէ,- հայտնում է Orer.am-ը:
Հարցին՝ եթե փորձ արվի անդամագրվել կուսակցությանը, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Կուսակցություն մտնելու համար պետք է, որ անձը ցանկություն հայտնի մտնել կուսակցության շարքերը, եւ կուսակցության վարչությունը պետք է քննարկի այդ հարցը եւ որոշում կայացնի՝ մարդուն ընդունո՞ւմ է կուսակցության շարքերում, թե՞ չի ընդունում:
Եկեք Կիկոսի մահը չսարքենք. կլինի կոնկրետ իրավիճակ, կլինեն կոնկրետ լուծումներ, կոնկրետ լուծումների վերաբերյալ կտրվեն կոնկրետ պարզաբանումներ»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե օլիգարխի հետ համագործակցության կգնա՞ք, Ն.Փաշինյանն պատասխանեց հարցով. «Դուք, օլիգարխ ասելով, նկատի ունեք Խաչատուր Սուքիասյանի՞ն: Սուքիասյանի հետ նաեւ քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունենք. դա Ազատության հրապարակն է:
Իմ անձնական հարաբերությունների մասին բոլորդ տեղեկացված եք, բայց դա չի նշանակում, թե որեւէ բան անելիս կոնսուլտացիաներ ենք անում, դա չի նշանակում, թե հաճախ հանդիպում ենք, դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին նույն տեսակետն ունենք, ամեն ինչ գնահատում ենք նույն կերպ։ Դա նշանակում է այն, ինչ գիտեք: Մենք գտնվել ենք Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, ոչ նույն խցում, բայց նույն վայրում»: