Պատգամավորը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի ակտիվացումը կապում է նոր ընտրական օրենսգրքի քննարկման հետ
ПолитикаՀայաստանի ներքին քաղաքական անցուդարձը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը գնահատում է որպես բավականին բուռն`պայմանավորված նոր ընտրական օրենսգրքի նախագծով: Մարտի 17-ին տեղի ունեցած ասուլիսում պատգամավորը նկատեց, որ բոլոր քաղաքական ուժերի ջանքերը հիմնականում կենտրոնացված են այդ հարցի շուրջ`տեսակետեր հայտնելու ցանկությամբ հանդերձ:
«Մարտի 18-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում տեղի կունենա քննարկում, որի ընթացքում կներկայացվի ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, իսկ մարտի 22-ին տեղի կունենա ընդլայնված խորհրդարանական քննարկում: Դրանց մասնակցել ցանկացող քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչները հրավիրված կլինեն»,- հայտնեց ՀՀԿ պատգամավորը: Պատգամավորի կանխատեսմամբ` հաջորդող քառօրյայում նույն խնդրի շուրջ ևս կլինեն բուռն քննարկումներ:
Սուքիաս Ավետիսյանի կարծիքով` Ազգային ժողովում ընտրության ներկայացվող կուսակցությունների և պատգամավորների ցուցակների հետ կապված դեռ քննարկման տեղ կա: Ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բացառությամբ երկու խմբակցության, երևանյան գրանցում ունեն: « Դա նշանակում է, որ մարզերին բավականաչափ տեղ չի տրվում: Ավելի ճիշտ կլինի, որ ցուցակը լինի ոչ թե 50-50, այլ, օրինակ, 30-70` հօգուտ մարզերի ցուցակների»,- հավելեց պատգամավորը՝ նշելով, որ այս տարբերակը հնարավորություն է տալիս մարզերից ավելի շատ պատգամավորներ ընդգրկել:
Խոսելով արտաքին քաղաքականության օրակարգի մասին` ՀՀԿ պատգամավորը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա գլխավորած պարտվիրակությունը մի շարք կարեւորագույն օտարերկրյա այցեր կատարեցին: Ավետիսյանի խոսքով` Ռուսաստանում, Հունաստանում, Կիպրոսում, Բուլղարիայում հանդիպումների ընթացքում կնքվել են տարբեր ոլորտների կարեւոր համաձայնագրեր: