Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների համար առաջին հերթին քաղաքական կամք է հարկավոր. Վահրամ Բաղդասարյան
ПолитикаՀայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար առաջին հերթին քաղաքական կամք է հարկավոր: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք պետք է կարողանանք առաջին հերթին դրսևորել այդ կամքը, որի դեպքում ընտրությունները կանցնեն արդար և թափանցիկ: Ընդդիմությունն է անընդհատ շահարկում, թե ընտրական օրենսգրքի անախագծում այս կամ այն կետը նախադրյալ է ընտրությունները կեղծելու համար: Առաջին հերթին քաղաքական կամք է հարկավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:
Պատգամավորը հավելեց, որ Ընտրական օրենսգրքով էլ իշխանությունները պետք է կարողանան փարատել բոլոր այն կասկածները, որոնք նախկինում եղել են:
Հարցին՝ նախկինում այդ քաղաքական կամքը չի՞ եղել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նախկինում գնահատականներ են տրվել, որոնց հետ դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել: Եղել են արջի ծառայություններ, եղել են բացասական երևույթներ բավականին: Ընդ որում, դուք պետք է նկատեք, որ այդ խախտումները, որոնց մասին նախկինում բարձրաձայնվել է, դրանք էական ազդեցություն չէին կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Հիմա, եթե մենք ընդնունում ենք Ընտրական օրենսգիրք, պետք է դա այնպիսի օրենսգիրք լինի, որտեղ մենք կկարողանանք փարատել ընդդիմության և քաղաքացիական հասարակության մտահոգությունները: Մենք հիմա այդ ճանապարհով ենք շարժվում»: