Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի հետ
СпортՄեկօրյա հանգստից հետո Մոսկվայում կայացան շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում մրցեցին մրցաշարային աղյուսակի առաջատարներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը: Սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղից հետո հավասարեցրեց դիրքը, և 31-րդ քայլին պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Տուրի մյուս պարտիաներում առաջատարներին հետապնդող Վիշվանաթան Անանդը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, Պյոտր Սվիդլերը միավորը կիսեց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Հիկարու Նակամուրան առավելության հասավ Վեսելին Թոփալովի նկատմամբ:
Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր
- Սերգեյ Կարյակին - Լևոն Արոնյան՝ 0.5:0.5
- Անիշ Գիրի - Վիշվանաթան Անանդ՝ 0.5:0.5
- Պյոտր Սվիդլեր - Ֆաբիանո Կարուանա՝ 0.5:0.5
- Հիկարու Նակամուրա Վեսելին Թոփալով՝ 1:0
Այժմ Արոնյանը և Կարյակինը 4.5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ լավագույն եռյակը եզրափակող աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն ունի 4 միավոր: Գիրին և Կարուանան ունեն 3.5-ական միավոր, Նակամուրան ու Սվիդլերը՝ 3-ական, իսկ Թոփալովը՝ 2:
Հավելենք, որ մարտի 20-ին կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Գիրիի հետ, Կարյակինը սևերով կխաղա Սվիդլերի հետ, Կարուանայի մրցակիցը լինելու է Նակամուրան, իսկ Թոփալովինը՝ Անանդը:
420 հազար եվրո մրցանակային գումարով Հավակնորդների մրցաշարն ավարտվելու է մարտի 29-ին: Մրցաշարի հաղթողը նոյեմբերին, Նյու-Յորքում մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: