Ընտրական օրենսգրքի խնդրահարույց հարցերին պետք է խորքային նայել. Վահե Էնֆիաջյան
ПолитикаԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նույն խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մի շարք բացեր եւ ռիսկեր է տեսնում Ընտրական օրենսգրքի նախագծում:
Նախ՝ խոսելով ցուցակների հրապարակման մասին՝ Orer.am-ի հետ զրույցի ժամանակ Վ. Էնֆիաջյանը նշեց. «Ցուցակների հրապարակման հետ կապված՝ մեր խմբակցության պատգամավորներն իրենց տեսակետը ներկայացրեցին Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Մենք խոսեցինք նրա մասին, թե իրականում ինչ ռիսկեր կան այդտեղ: Մեզ համար իրոք կարեւոր էր՝ որպես Եվրոպայի լավագույն մասնագետներ, իմ կողմից արդեն նշված հանձնաժողովի անդամների կարծիքները: Նրանք գտնում են, որ պետք է քաղաքացու, անձի երաշխավորված գործընթաց տեղի ունենա, այսինքն՝ կան որոշակի բաներ, որոնք ենթակա չեն հրապարակման:
Սակայն այս պարագայում էլ մենք խնդիր ենք համարում այն, որ ցուցակներում բաց է թողնված այն կարեւոր հանգամանքը, թե երբ է տվյալ անձը հաշվառվել այդ հասցեում: Ցուցակներում գրված է միայն ընտրողի անունը, ազգանունը եւ հասցեն:
Այստեղ մեծ ռիսկեր ենք տեսնում, քանի որ մենք լրատվամիջոցների տարբեր հրապարակումներից տեղեկացել ենք, որ ընտրություններից առաջ, հիմնականում գյուղական համայնքներում, ընտրողների ցուցակում անձանց թվերն ավելանում են»:
Պատգամավորը հավելեց, որ ներկայացված առաջարկներին պետք է խորքային նայել եւ չկենտրոնանալ մեկ դրույթի վրա:
«Եթե ամբողջովին կենտրոնանանք միմիայն ցուցակների հրապարակման հարցի վրա, ապա մյուս հարցերը կմնան չլուծված եւ հետագայում կրկին կունենանք խնդիրներ ու բացեր»,- ասաց նա:
Որպես խնդրահարույց կետ պատգամավորն առաջ քաշեց հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող դրույթն ու սարքավորումների ներմուծումը ընտրության ընթացքում:
«ՀԿ-ների վերաբերյալ հարցը եւս խնդրահարույց է, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ստեղծվում խոչընդոտ հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ: Նույնը կարող եմ ասել սարքերի կիրառման եւ քվեարկության ընթացքի վերաբերյալ, որոնց հետ կապված եւս մի շարք խնդիրներ կան:
Մի կողմից՝ ասում են, որ սարքերի տեղայնացումը էականորեն կնվազեցնի այն ռիսկերը, որի մասին շատ անգամներ բարձրաձայնել են մի շարք քաղաքական գործիչներ, սակայն մենք լայնածավալ աշխատանքներ ենք տարել մեր մասնագտների հետ եւ ուսումնասիրելով միջազգային փորձը՝ հասկացել ենք, որ այս պարագայում եւս հնարավոր է որոշակի կողմնակի միջամտություն»,-ասաց պատգամավորը:
Վահե Էնֆիաջյանը նշեց նաեւ, որ եթե հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, լավ իմանալով իր իրավունքներն ու պարտականությունները, ճիշտ գործի, ապա որեւէ խնդիր չի առաջանա եւ ռիսկերն էլ, անշուշտ, կնվազեն եւ բանը նոր սարքավորումներին չի էլ հասնի:
Սոսե Չանդոյան