Հավաքականի կազմը պետք է որոշի մարզչական խորհուրդը. Գաբրիել Ղազարյանն արձագանքեց Ռուբեն Հայրապետյանին
СпортՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հրաժարվեց մեկնաբանել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը՝ Յուրա Մովսիսյանին, Գևորգ Կասպարովին և Ռոբերտ Արզունմանյանին ազգային հավաքական չհրավիրելու որոշման մասին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ կա մարզչական խորհուրդ, որն էլ պետք է որոշի՝ ում հրավիրել և ում ոչ:
Դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանն ինքն է որոշումը կայացրել, Ղազարյանն ասաց. «Ես անձամբ չեմ լսել, դրա համար էլ չեմ կարող մեկնաբանել: Ընդհանրապես, յուրաքնչյուր հարց լուծում է ֆեդերացիայի մարզչական խորհուրդը»:
Հարցին՝ իրեն արգելվա՞ծ է միջամտել ՀՖՖ-ի գործունեությանը՝ Ղազարյանն արձագանքեց. «Ո՞վ ասաց, որ արգելված է: Այդպիսի տպավորություն չի կարող լինել: Ես չեմ մեկնաբանի` ինչ պետք է անենք, բայց ընթացքին դուք տեղյակ կլինեք»: