Իշխանությունները քննարկման առարկա կդարձնեն ընտրական օրենսգրքի վերաբերյալ օմբուդսմենի առաջարկները
ПолитикаԸնտրական օրենսգրքի մշակման աշխատանքային խումբը կքննարկի օրենսգրքի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները: Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Մեզ այս ընթացքում բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, կարևորում ենք նաեւ օմբուդսմենի առաջարկությունները: Աշխատանքային խմբում, ինչպես նաև Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ լսելու ժամանակ կքննարկենք նրա առաջարկները՝ կապված ընտրական ցուցակների հրապարակման և մնացած այլ հարցերի հետ»,- ընդգծեց Սահակյանը:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը մեղադրում է, որ իշխանությունների ներկայացրած օմբուդսմենը պաշտպանում է իշխանությունների տեսակետն այն հարցում, որ ընտրացուցակները պետք չի հրապարակել, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Այդ պնդումներն ավելի շատ ձևի մեջ են տեղավորվում, քան բովանդակության: Մշտապես ասել եմ, որ պատրաստ ենք բովանդակային քննարկման ցանկացած առաջարկի, այդ թվում օմբուդսմենի առաջարկների, անկախ նրանից՝ համընկնում է իշխանության տեսակետի հետ, թե ընդդիմության տեսակետի: Իսկ եթե մյուս այն առաջարկները համընկնում են ընդդիմության տեսակետի հետ, ապա օմբուդսմենը համարվում է ընդդիմությա՞ն նշանակած մարդ: Կարծում եմ, որ ոչ: Դրա համար այս փուլում մենք պետք է զերծ մնանք նմանատիպ խոսքերից և քննադատություններից ու փորձենք բովադակային դաշտում բոլոր հարցերի, բոլոր առաջարկությունների, մտահոգությունների պատասխանը տալ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով երկրում ժողովրդավարության ամրապնդման ու մարդու իրավունքների ապահովման գործում ընտրական օրենսդրության առանցքային նշանակությունը:
Քվեարկության ընթացքի տեսանկարահանման ապահովմանը և դրա համար անհրաժեշտ չափանիշների սահմանմանը.
Քվեարկության սենյակում տեղական դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների միաժամանակ ներկայության առավելագույն քանակի ընդլայնմանը.
Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը՝ միջազգային կազմակերպությունների և ՀՀ Սահմանադրական դատարանի ձևավորված չափանիշներին համապատասխան.
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման պայմանների ապահովմանը, այդ նպատակով օրենսդրական անհրաժեշտ կանոնների սահմանմանը.
Կանանց ընտրական իրավունքի ապահովմանը՝ ընտրություններում կանանց պատշաճ ներկայացվածություն ապահովելու նպատակով.
Ընտրական գործընթացի նոր մասնակցի՝ մասնագետի իրավական կարգավիճակի առանձին սահմանմանը.
Հանձնաժողովի նիստերին կամ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գրանցումն ապահովող պատշաճ պայմանների ստեղծմանը.
Նախագծի՝ Երևանին առնչվող կարգավորումները Գյումրի և Վանաձոր քաղաքներին հավասարապես վերաբերելի դարձնելուն: