ԵՄ-ն պետք է գիտակցի` Թուրքիան փախստականների համար «անվտանգ» երկիր չէ
Международные новостиԵվրամիության ու Թուրքիայի միջև միգրացիոն գործարքը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։ ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ընթացքում համաձայնության են եկել, որ հունական կղզիներից ժամանած բոլոր ապօրինի ներգաղթյալները կվերադառնան Թուրքիա, իսկ փախստականներին որևէ երրորդ երկիր ուղարկելու վերաբերյալ համաձայնությունը չի համապատասխանում եվրոպական իրավունքի և միջազգային իրավունքի նորմերին։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Վինսենտ Կոչետելը, քննադատելով Թուրքիա-ԵՄ գործարքը, նշել է, որ փախստականների խմբակային վտարումը արգելված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտավախություն է հայտնել, որ Թուրքիայի հետ գործարքը չի ապահովի սիրիացի փախստականների պաշտպանությունը և նրանց պատերազմական գոտիներ հետ ուղարկելու ռիսկեր է պարունակում։
Amnesty international իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիային ևս չի համարում «անվտանգ» երկիր փախստականների համար: Թուրքիան միգուցե «ժամանակավոր ապաստան» է տվել ավելի քան երկու միլիոն սիրիացիների, սակայն դեռևս հրաժարվում է ապահովել աֆղանցիների, իրաքցիների և այլ դիմողների արդյունավետ պաշտպանությունը։
ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամը իր հերթին անհանգստություն է հայտնել, քանի որ ԵՄ-Թուրքիա համաձայնագրում ոչ մի կետ չկա երեխաների առնչությամբ, որոնք Հունաստանից ժամանած փախստականների 40%-ն են կազմում։
Շատ քննադատներ համակարծիք են, որ միգրացիոն գործարքն օգտագործելով, Թուրքիան ցանկանում է իրագործել ԵՄ-ին անդամակցելու իր վաղեմի երազանքը (գործարքի պայմաններից մեկն էլ այն է, որ մինչև հունիսի վերջ Թուրքիան անցնելու է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի ազատ ռեժիմի)։ Եվրամիությունն այնքան է թուլացրել վերահսկողությունն իր սահմաններին, որ այժմ շանտաժի է ենթարկվում Թուրքիայի կողմից։ Վերջինս 6 մլրդ եվրո է պահանջում փախստականների հարցը կարգավորելու համար։
Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը, բնականաբար, անհրաժեշտ է, բայց Եվրամիությունը չպետք է իրեն թողնի Թուրքիայի ողորմածությանը։ ԵՄ-ը պետք է ջանա ինքնուրույն առաջարկել կայուն ու սկզբունքային լուծումներ։
Կնքված գործարքին դեմ են արտահայտվել ընդհանուր առմամբ միության 4 երկիր՝ Ֆրանսիան ու Իսպանիան մարդասիրական բնույթի մտահոգություններ են հայտնում, Կիպրոսը դեմ է ավելի շուտ Թուրքիայի անդամակցության ապագա հեռանկարի պատճառով, իսկ Բուլղարիան ցանկանում է, որ համաձայնագիրը հաշվի առնի նաև Թուրքիայի հետ իր սահմանը, որը ևս փախստականների երթուղի է հանդիսանում։
Այսպիսով, իր գործելաոճով Թուրքիան ապացուցում է, որ բնավ մտահոգված չէ միգրացիոն ճգնաժամով, այլ ցանկանում է ստեղծված իրավիճակից օգտվել ու առաջ տանել իր նեղ, անձնական շահերը։
Անի Գասպարյան