Ադրբեջանական կողմը թիրախավորել է դպրոց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. Դավիթ Բաբայան
ПолитикаԻնչպես հայտնում է Orer.am-ը, այսօր ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Արցախում գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկությունների հայտնեց սահմանին տիրող իրավիճակի մասին. «Ադրբեջանական զինուժը փորձել է Թալիշի եւ Նոր Սեյսուլանի ուղղությամբ որոշ գրոհներ իրականացնել, բայց նրանց նախաձեռնությունը ամբողջությամբ տապալվել է:
Ադրբեջանական զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակը, սակայն այդ տեղեկատվությունը թաքցնում են: Ոչնչացվել են մի քանի դիվիզիոն խմբեր, նաեւ այլ ստորաբաժանումներ են տվել կորուստներ:
Երբ ետ են շպրտվել այդ ստորաբաժանումները, այնքան մեծ է եղել խուճապը, որ դա նաեւ փոխանցվել է քաղաքացիական բնակչությանը. Արցախի Հանրապետության սահմանամերձ ադրբեջանական շրջաններում սկսվել է կանոնավոր խուճապ եւ բնակչության մասսայական արտահոսք»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանը ցավով տեղեկացրեց նաեւ, որ հայկական կողմը եւս կորուստներ ունի. կան զոհեր, վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է. «Ադրբեջանական կողմը թիրախավորել է դպրոց, ինչը կոպիտ խախտում է համարվում միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնեւյան կոնվենցիաների, որովհետեւ քաղաքացիական նման օբյեկտները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, չեն կարող լինել լեգիտիմ թիրախ նույնիսկ պատերազմի ժամանակ:
Բայց մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, իսկ ահաբեկիչների համար ո՛չ օրենք, ո՛չ բարոյական նորմեր գոյութուն չունեն»,- ասաց նա` խոսելով նաեւ միջազգային կառույցների զգուշավոր հայտարարությունների մասին:
Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի` միջազգային կառույցները այս պահին փորձում են զգուշավոր լինել վիճակն էլ ավելի չսրելու համար:
Սոսե Չանդոյան