Ֆրանսիան ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ բանակցային սեղան վերադառնալու կոչ է անում
ПолитикаՖրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում միջադեպերի ինտենսիվացմամբ:
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը տարածած հաղորդագրությամբ ցավ է հայտնում մարդկային կորուստների առնչությամբ, մասնավորապես քաղաքացիական անձանց մահվան դեպքերով:
«Իր երրորդ տասնամյակին մոտեցող այս հակամարտությունը կարգավորման այլ ելք չունի, քան լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով, որին հայտնում ենք մեր լիակատար աջակցությունը: Ֆրանսիան կոչ է անում անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանին: Այս նպատակին հասնելու համար ջանք չենք խնայելու»,- ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գ րիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ա դրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն այս պահի դրությամբ 18 զոհ ունի և 35-ին մոտ վիրավոր: