Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
ПолитикаՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հարցը քննարկել է ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թ աթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղա րաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն այս պահի դրությամբ 18 զոհ ունի և 35-ին մոտ վիրավոր: