Խուճապն արցախցիների համար չէ. մարդիկ ապրում են բնականոն կյանքով
ОбществоԹեպետ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիճակը շարունակում է թեժ մնալ, այնուամենայնիվ, տեղի բնակչությունը հանգստություն է պահպանում:
Տարբեր քաղաքներում եւ գյուղերում մարդիկ ապրում են բնականոն կյանքով: Դեռ երեկ, շրջելով Ստեփանակերտում եւ Շուշիում, Orer.am-ը ֆիքսեց կադրեր, որոնք հետաքրքիր կլինեն շատերին:
Օրինակ՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում երեկ, ինչպես եւ բոլոր մնացած կիրակի օրերին, մատուցվեց սուրբ պատարագ: Մի խումբ հավատացյալներ իրենց աղոթքն էին հնչեցնում առ Աստված՝ հայ ժողովրդի ու սահմանին կանգնած հայ զինվորների համար: Իսկ Ստեփանակերտի մարզադաշտում մի խումբ մանուկներ անցկացնում էին ֆուտբոլային մրցարշավ:
Նրանց երկրպագելու էին եկել խաղի մասնակիցների ընկերներն ու հարազատները: Իսկ դրան նախորդող օրը, երբ ազատամարտիկները կամավորականների հավաք էին կազմակերպել, վերջիններիս աջակցելու էին եկել երկու փոքրիկներ, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում նկարներով:
Հետաքրքրականն էլ այն է, որ փոքրիկները պատկերել էին պատերազմական իրավիճակ՝ տանկեր եւ զինվորներ, որոնք կռվում էին հայրենիքի եւ արժանապատվության համար: Այսքանից հետո կարելի է հպարտանալ արցախցիների կազմակերպվածության եւ համբերության վրա:
Սոսե Չանդոյան