Սա պատերազմ է, որտեղ Ադրբեջանի առաջին ծրագիրը ձախողվել է. Նիկոլ Փաշինյան
ПолитикаԶինադադարի խախտում տերմինը պետք է մոռանալ, սա զինադադարի խախտում չէ, սա պատերազմ է եւ պետք է գիտակցել դա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Շփման գծի ողջ երկայնքով տեղի են ունեցել ռազմական գործողություններ, եւ Ղարաբաղի տարածքը գրավելու փորձեր են արվել»:
Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի առաջին ծրագիրը ձախողվել է, նրանք փորձել են երկու կողմից մտնել Ղարաբաղ, եւ կարելի է չկասկածել, որ եթե դրանք ստացվեին, կենտրոնից կմտնեին Ստեփանակերտ: «Սակայն, Ղարաբաղի զինված ուժերը կարողացել են թե' հարավում, թե' հյուսիսում կասեցնել ներխուժումը, եւ Բաքվում, ըստ էության, հասկացել են, որ պլանը չի հաջողվում իրականացնել: Ու նրանց հայտարարությունը, որ մենք միակողմանիորեն զինադադարի պատրաստ ենք, նաեւ սրա հետ էր կապած: Այդ դադարն իրենց պետք էր իրավիճակը վերլուծելու եւ նոր հարձակում սկսելու համար»,-ընդգծել է Փաշինյանը:
Նրա խոսքով, վերջին երկու տարում այս իրավիճակի մինի տարբերակներն անընդհատ ունեցել ենք: «Այսինքն` հարձակվել են, ճնշում են գործադրել մեր դիրքերի վրա: Մի շաբաթ, 10 օր, մի ամիս, երկու ամիս հանգստացել են, եւ նորից կրկնվել է: Հիմա ռազմաքաղաքական իրավիճակն այսպիսին է` եթե մենք այս պահի դրությամբ ստատուս քվոյի շրջանակներում զինադադար հաստատեցինք, իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ երեք օրից նույն բանը չի կրկնվի»,-նշել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։