«Ստեփանակերտ» թիմը` Հայաստանի վոլեյբոլի բարձրագույն առաջնության առաջատար
СпортՄեկնարկել է տղամարդկանց վոլեյբոլի 2016 թ. բարձրագույն խմբի առաջնության գարնանային շրջափուլը:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան, տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից մեկնարկել է հանրապետական վոլեյբոլային խոշոր մրցաշար, որին մասնակցում են 5 ուժեղագույն թիմեր:
«Չնայած նախատեսվում էր ապրիլի 6-ին ավարտել մրցաշարը, սակայն այն մեկ օր ավելի կձգվի: Մենք որոշել ենք, որ մասնակից թիմերը պետք է նաև հանգստանալու հնարավորություն ունենան: Ապրիլի 7-ին առաջնության այս շրջափուլը կամփոփվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը` տեղեկացնելով, որ մինչև այս մրցաշարի մեկնարկը տեղի է ունեցել նախընտարական փուլ, որին մասնակցել են 3 թիմեր:
Ըստ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի` նախորդ տարվա առաջնության համեմատ թիմերի քանակը պահպանվել է. «Այս տարի նախընտրական փուլում հաղթել է «Դպրոցականների հավաքականը», որն ավելի վաղ տպավորիչ ելույթ էր ունեցել Դպրոցականների աշխարհի առաջնության ժամանակ: Ներկայում մեր առաջնությանը մասնակցում են նաև մարզային թիմեր, որոնց շարքում կուզեի ընդգծել «Գյումրի» և «Ստեփանակերտ» թիմերին»:
Վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլին այս տարի մասնակցում են նաև «ՖԻՄԱ» և «Դինամո-Նոր-Նորք» թիմերը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան, հայտնում է, որ վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցափուլի առաջին 3 խաղային օրերին հանդիպումներն անցկացվել են ՀՀ ՊՆ ԲԿՄԱ մարզադահլիճում, իսկ եզրափակիչ խաղային օրը հանդիպումները կկայանան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում:
Երեք խաղային օրերից հետո առաջատարը Արցախի «Ստեփանակերտ» թիմն է, որը երեք հանդիպում է անցկացրել`տոնելով 3 հաղթանակ: Մեկական հաղթանակներ ունեն «ՖԻՄԱ», «Դպրոցականների հավաքական» և «Դինամո-Նոր-Նորք» թիմերը, իսկ ահա «Գյումրին» դեռևս միայն պարտվում է: