«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» դեմ
СпортՀանդիպման մեկնարկից առաջ ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախի ու Ադրբեջանի շփման գծում զոհվածների հիշատակը:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հետաձգված 19-րդ տուրի «Արարատ»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: Երկու թիմերն էլ հաղթանակի հասնելու կամք չեն ցուցաբերել:
Չնայած խաղասկզբում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած «Ալաշկերտը», որն ընթացիկ առաջնության առաջատարի կարգավիճակում հյուրընկալվել էր «Արարատին», տարածքային ու որոշակի խաղային առավելություն ուներ, սակայն դա արդյունքի վերածել չստացվեց: Հանդիպման հետագա ընթացքը ցույց տվեց, որ «Արարատն» ամենևին էլ պատրաստ չէ զիջել առաջնության առաջատարին՝ հավասարը հավասարի դեմ պայքարելով: Երկու թիմերի միջև առկա 13 միավորի տարբերությունն ամենևին էլ չարտացոլվեց խաղադաշտում:
Ոչ-ոքի արդյունքը հնարավորություն տվեց առաջնության առաջատարին միառժամանակ ամրանալու և մրցակցից էլ ավելի հեռանալու («Փյունիկի» պարտությունը հաշվի առնելով)՝ 1 միավոր ավելացնելով առկա արդյունքին: Այժմ «Ալաշկերտի» հաշվին կա արդեն 42 միավոր. 5 միավոր ավելին, քան մոտակա մրցակիցը: «Արարատն» իր հերթին այժմ ունի 29 միավոր: