«Շիրակն» ամրապնդվում է 3-րդ հորիզոնականում
Спорт«Շիրակը» վստահ ելույթով 3-1 հաշվով հաղթահարել է «Բանանցի» արգելքը:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հետաձգված 19-րդ տուրի շրջանակներում Գյումրիում տեղի է ունեցել տեղի «Շիրակի» և Երևանի «Բանանցի» մրցավեճը:
Առաջին խաղակեսում ունեցած տարածքային ու խաղային առավելությունը «Շիրակի» ֆուտբոլիստները կարողացել են ճիշտ օգտագործել՝ 2 անպատասխան գնդակ հեղինակելով: Գյումրին ներկայացնող թիմի կազմում առաջինը հանդիպման 33-րդ րոպեին աչքի է ընկել Օդիլոն Կուակուն, իսկ առաջին խաղակեսի ավարտից վայրկյաններ առաջ հանդիպման հաշիվը կրկնապատկել է Նեմանյա Ստոսկովիչը:
Երկրորդ խաղակեսում «Բանանցը» բավականին ակտիվ է մտել խաղի մեջ՝ հանդիպման 49-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանի գոլի շնորհիվ նվազագույնի հասցնելով տանտերերի առավելությունը: Թվում էր, թե «Բաբանցին» կհաջողվի ճնշում գործադրել ու հավասարեցնել հանդիպման հաշիվը, սակայն Վահագն Այվազյանի՝ 2-րդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացումը խառնել է երևանյան ակումբի խաղաքարտերը:
«Շիրակին» հաջողվել է հաղթական հաշիվ պահպանել, դեռ ավելին՝ մրցավարի կողմից հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեների ընթացքում Գյումրու թիմը խփել է նաև 3-րդ գնդակը: Աչքի է ընկել Վյուլեն Այվազյանը:
Հաղթանակից հետո «Շիրակն» այժմ ունի 32 միավոր և շարունակում է մեկ միավորի առավելություն պահպանել «Գանձասար Կապանի» նկատմամբ՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: