Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ ԱԳՆ խորհրդի նիստը, նախատեսվում է Նալբանդյան- Լավրով հանդիպում
ПолитикаՄոսկվայում մեկնարկում է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրվելու ֆոնին, և, ակներև է, որ այդ թեման նույնպես կարծարծվի հանդիպմանը:
ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստի օրակարգը ներառում է 10 հարց, որոնք վերաբերում են Համագործակցության գործունեության հանգուցային ուղղություններին: Նիստի արդյունքում համապատասխան փաստաթղթերի նախագծերը կներկայացվեն ԱՊՀ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ռուսաստանի ԱԳ նախարարությունում, «արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առարկայորեն կխոսեն ԱՊՀ երկրների բազմապլանային գործակցության ընդլայնման հեռանկարների մասին, կարծիքներ կփոխանակեն միջազգային քաղաքականության հրատապ թեմաների շուրջ, կարծարծեն արտաքին քաղաքական համակարգումն ամրապնդելու հարցերը, ինչպես նաև կծանոթանան 2015 թվականին ԱՊՀ-ի շրջանակներում բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի իրագործման վերաբերյալ տեղեկատվությանը և կհաստատեն 2016 թվականի համապատասխան ծրագիրը»:
Համագործակցության 25-ամյակի համատեքստում նախարարները «կքննարկեն ԱՊՀ-ի արդյունավետության հետագա բարձրացման, տարածաշրջանում բազմակողմ համագործակցության ժամանակակից իրողություններին նրա գործունեության ադապտացման ուղիները»: «Հատուկ ուշադրություն կդարձվի գործակցության հումանիտար ոլորտին, իրավապահ բնագավառում համագործակցության ամրապնդմանը»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում: