Թալիշում մնացած բնակիչները փորձում են վերականգնել գյուղի էլեկտրականությունը
ОбществоԱրցախի Հանրապետության Թալիշ համայնքում ադրբեջանական զինուժի վայրագություններից հետո բնակչության մեծ մասը շարունակում է տարհանված մնալ, սակայն կան մարդիկ, ովքեր գյուղում են մնացել ու շարունակում են ապրել առօրյա կյանքով:
Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն ընդ գծեց, որ այս պահին դեռ վաղ է մտածել գյուղի բնակչությանը հետ բերելու, վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին մտածելը:
«Կարծում եմ, դեռ վաղ է մտածել այն մասին, որ ամեն ինչ հանդարտվել է ու բնակչությանը հետ բերել, վերականգնողական աշխատանքներ սկսել: Դեռ չգիտենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, որ գյուղում լուրջ վերականգնողական աշխատանքներ սկսելու մասին մտածելն ապագայի հարց է»,- նշեց Պետրոսյանը:
Նա ընդգծեց, որ բնակչության մեծ մասը՝ հատկապես կանայք և երեխաները տարհանված են, բայց կան տղամարդիկ, որ մնացել են: «Ամեն դեպքում, որոշակի աշխատանքներ անում ենք: Օրինակ, սկսել ենք թաղել հակառակորդի կրակոցների հետևանքով սատկած կենդանիներին, մաքրել գյուղի փողոցները: Նաև փորձում ենք էլեկտրականությունը վերականգնել, որովհետև ապրիլի 2-ից հետո գյուղում լույս չունենք»,- ասաց գյուղապետը:
Վիլեն Պետրոսյանը նաև հայտնեց, որ ապրիլի 7-ին գյուղում հանգիստ է եղել, հակառակորդի կողմից ոչ մի կրակոց չի եղել: «Այսօր էլ դեռևս հանգիստ է, բայց չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի: Եթե ցանկանան կրակել, ինձանից չեն հարցնելու: Մենք էլ զգոն ենք, շատ լավ գիտենք, որ ամեն ինչ կարելի է սպասել հակառակորդից»,- ընդգծեց Պետրոսյանը:
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց ապրիլի 2-ին մի քանի ժամով հաջողվել է Արցախի Հանրապետության Թալիշ գյուղ ներխուժել, գյուղն ավերածությունների են ենթարկել՝ թալանելով ու ավերելով տները: Նրանք նաև դաժանաբար սպանել են գյուղի երեք բնակիչների, որոնց չի հաջողվել ժամանակին տարհանել: