Թուրքիայում բռնցքամարտիկներ Ավագյանն ու Բաչկովը կպայքարեն 3-րդ տեղի համար
СпортԹուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվող ամառային օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը պարտվել են կիսաեզրափակչում:
56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ավագյանը կիսաեզրափակչում զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդ Չալաբիևին, իսկ 64 կգ քաշային Բաչկովը կիսաեզրափակչում պարտվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիտվայի ներկայացուցչին՝ Էվալդաս Պետրաուսկասին:
Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ եզրափակչում ելույթ ունեցող բռնցքամարտիկները, ինչպես նաև 3-րդ տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը նվաճում են Օլիմպիական խաղերի ուղեգիր, այնպես որ 3-րդ տեղի համար մենամարտում մրցակիցներին հաղթելու դեպքում թե Ավագյանը, թե Բաչկովը Հայաստանի բռնցքամարտի հավաքականի համար օլիմպիական ուղեգրեր կնվաճեն:
Ապրիլի 15-ին Սամսունի մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում ռինգ են դուրս գալու նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: