Հովհաննես Գաբուզյան. Կենտրոնացել էի թիմային, ոչ թե անձնական արդյունքի վրա
СпортԱրդեն տեղեկացրել ենք, որ Համաշխարհային ուսանողական 14-րդ խաղերի տղաների պայքարում չեմպիոն է դարձել Հովհաննես Գաբուզյանը, իսկ Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ հորիզոնականը: Նորընծա չեմպիոնը շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել մրցաշարի ընթացքի մասին:
–Հովհաննես մրցաշարի հենց մեկնարկից ստանձնեցիր առաջատարի դերը: Հե՞շտ էր խաղալ, երբ մրցակիցներիցդ առաջ էիր անցել:
-Հեշտ ասելը փոքր ինչ հարաբերական է, քանի որ մրցաշարը նաև թիմային էր և ավելի շատ կենտրոնացել էի թիմային, այլ ոչ թե անձնական արդյունքի վրա:
-Այս հաղթանակը քեզ համար սպասվա՞ծ էր, թե՞ անակնկալ:
-Մրցաշարից առաջ լավ նախապատրաստվել էի և հույս ունեի հաջող հանդես գալու, բայց, իհարկե, չէի մտածում առաջին տեղի մասին:
-Հատկապես ո՞ր մրցափուլում էիր ավելի լարված ու անհանգիստ:
-Առավելագույնս բարդ անցավ վերջին խաղափուլը, որովհետև ես պետք է սևերով հաղթեի, որպեսզի ապահովեի առաջին հորիզոնականը, քանի որ եթե իմ պարտիան ավարտվեր ոչ-ոքի, իսկ Վլադիմիր Ֆեդոսեևը հաղթեր, ապա հենց նա կզբաղեցներ առաջին հորիզոնականը, քանի որ նրա լրացուցիչ ցուցանիշները ավելի բարձր էին:
-Ո՞ր պարտիան դարձավ վճռորոշ հաղթանակի հասնելու համար:
-Վճռորոշ էր 5-րդ տուրում տարած հաղթանակս Լեհաստանի ներկայացուցիչ Դանիել Սադզիկովսկու նկատմամբ:
-Որո՞նք են հաջորդ մրցաշարերը:
-Արդեն երկու օր անց կմասնակցեմ Վրաստանում կայանալիք «Նոնա-75» բաց մրցաշարին, իսկ մայիսի 11-ից կմասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը, որը տեղի է ունենալու Կոսովոյում: