ՌԴ-ն կարևորում է ԵԱՀԿ նախագահող Գերմանիայի հանձնառությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմները կյանքի կոչելու գործում
ПолитикаՌուսաստանի Դաշնությունը կփորձի աջակցել պաշտոնական Բեռլինին գիտակցելու իր պատասխանատվությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վստահության հաստատման ու անվտանգության ապահովման գործողությունների, ինչպես նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմների կյանքի կոչման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Վերջին տարիներին ՌԴ նախագահի միջնորդությամբ` կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները մի շարք քայլերի առնչությամբ պետք է կյանքի կոչել: Դա վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառմանը, վստահության վերականգնմանն ու անվտանգության ապահովման այլ գործողություններին: 2011-ին ԵԱՀԿ-ն պատրաստել էր ճանապարհային քարտեզ, թե ինչպես այդ ուղղությամբ առաջ ընթանալ պրակտիկայում: Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիան կենտրոնանա այս հարցի վրա ու այստեղ ստանձնի ԵԱՀԿ նախագահության հանձնարարությունը»,-ասաց Լավրովը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում սկզբունքային են համարում հրադադարի ռեժիմի պահպանումն ու խախտումների բացառումը` նշելով, որ 1994, 1995 թվականներին ստորագրված հրադադարի հաստատման համաձայնագրերը ներկայում էլ համընդհանուր ճանաչմամբ պահպանում են իրենց ուժը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովըպաշտոնական այցով Հայաստանում է: Նրան կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցելությանշրջանակներում Սերգեյ Լավրովն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: