Պարգևատրվեցին տարբեր միջազգային մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած գյումրեցի մարզիկները
СпортՊարգևատրվեցին տարբեր միջազգային մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած գյումրեցի մարզիկները: Ապրիլի 25-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ծանրամարտ, ձյուդո, բռնցքամարտ, ըմբշամարտ ու սամբո մարզաձևերի միջազգային տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին ու մարզիչներին: 11 մարզիկ ու 9 մարզիչ արժանացան քաղաքապետի շնորհավորանքին ու դրամական պարգևներին:
Գյումրու քաղաքապետը խոստանում է՝ օլիմպիական հաղթանակի դեպքում պարգևներն ավելի մեծ կլինեն:
«Եվս մեկ անգամ ապացուցեցիք, որ Գյումրին ոչ միայն մշակութային ու երիտասարդական, այլ նաև մարզական քաղաք է: Հպարտ եք այն հաղթանակներով, որ դուք բոլորդ գրանցեցիք: Սպասելիքները մեծ են Օլիմպիական խաղերից: Հաստատ իմացեք՝ ձեր բոլորի կողքին ենք ու պատրաստ ենք աջակցել: Մեր բոլորի հույսն ու ապավենն եք: Շատերը ծանր պայմաններում պարապելով կարողացան այսպիսի բարձր արդյունքներ գրանցել, ես վստահ եմ, որ Օլիմպիական խաղերում ևս լուրջ արդյունքներ կունենանք»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ առանձնացնելով միայն Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին՝ անկեղծանալով, որ նույնիսկ ինքն է Նազիկի հաղթանակի ժամանակ հուզվել:
«Թեև վաղ է, բայց չեմ կարող չասել՝ կդիմեմ Գյումրու ավագանուն՝ Նազիկ Ավդալյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու համար: Արժանի է»,-նշեց քաղաքապետը: Մարզիկներն ու մարզիչներն էլ իրենց կողմից շնորհակալություն հայտնելով ուշադրության համար նշեցին՝ գնահատված լինելն անչափ կարևոր է: «Երբ գնահատականի է արժանանում մարզիկը, դա խթան է նոր հաջողությունների ու նոր բարձունքերի համար»,-նշեց Նազիկ Ավդալյանը: