Առանց Ռոնալդուի «Ռեալ»-ը չհաղթեց «Սիթի»-ին
СпортՄանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում ապրիլի 26-ին տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը «Մանչեսթեր Սիթի»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի միջև:
«Արքայական» ակումբը թե՛ առաջին, թե՛ երկրորդ խաղակեսում մի քանի վտանգավոր պահ է ունեցել մրցակցի դարպասը գրավելու համար, սակայն այդպես էլ չի ստացվել առանց առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հաղթանակի հասնել:
«Սիթի»-ի ֆուտբոլիստները միայն պաշտպանության մասին չեն մտածել. մերթընդմերթ գրոհել են, փորձել են անհանգստացնել «Ռեալ»-ի պաշտպաններին և դարպասապահ Կեյլոր Նավասին, սակայն այդպես էլ հաջողության հասնել չեն կարողացել: Խաղի, թերևս, ամենավտանգավոր պահը «Սիթի»-ն ստեղծել է խաղավարտին, երբ Քևին դե Բրյունեն վտանգավոր հարված է կատարել տուգանայինից:
«Ռեալ»-ի կազմում ամենից նպաստավոր պահերն ունեցել են պաշտպան Պեպեն, ով մեն-մենակ էր մնացել «Սիթի»-ի դարպասապահի դիմաց, և կիսապաշտպան Կազեմիրոն: Երկու դրվագներում էլ գերազանց է գործել «Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը` փրկելով իր թիմին վերահաս գոլերից:
Մանչեսթերում գրանցված գոլազուրկ ոչ-ոքին «Ռեալ»-ին հնարավորություն է տալիս մեկ շաբաթ անց կայանալիք խաղում սեփական հարկի տակ` «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, պայքարել հաղթանակի համար: