Էդուարդ Շարմազանովի պատասխանը Օսկանյանին
Политика«Իշխանության խնդիրն է քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ միասին հասնել այնպիսի Ընտրական օրենսգրքի ընդունման, որը պրակտիկորեն կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը, իշխանությունը պատրաստ է փոխզիջումների, իշխանությունը առաջարկում և առաջարկել է փոխզիջումներ: Ես խնդրում եմ, որ ընդդիմադիր գործընկերներն էլ գիտակցեն փոխզիջումների կարևորությունը, բայց դա չշփոթեն միակողմանի զիջումների հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նաև հավելեց, որ իշխանական կողմը պատրաստ է լսել ընդդիմադիրներին մեկ պայմանով. «Դուք էլ պետք է մեզ լսեք, չի եղել մի ոլորտ, որտեղ իշխանությունը փոխզիջումային տարբերակներ չառաջարկի»,- ասաց նա:
Է. Շարմազանովը վստահեցրեց, որ ներկայացված տարբերակը համամասնական ընտրություն է: «Նայում եմ ձեր աչքերին և ասում եմ՝ սա համամասնական տարբերակ է, սակայն համամասնական ընտրությունների մի քանի տարբերակ կա»,-ասաց նա: «Ասում եք, թե ինչու է բաց ցուցակ, կներեք, եթե քաղաքական ուժը չունի ամեն ընտրատարածքում հինգ, տասը, տասնհինգ թեկնածու, որ առաջադրվի, քանի՞ կոպեկ արժի այդ քաղաքական ուժը: Դուք՝ քաղաքական ուժերդ, ձգտում եք իշխանափոխության, բա առանց թիմի ձգտո՞ւմ են իշխանափոխության: Եթե մենք ուզում ենք մեր երկրում խնդիր լուծել, պետք է ունենանք կայունություն, կայուն իշխանություն»,- ասաց նա:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե արդեն քսան տարի է, ինչ ՀՀ-ում ընտրությունները կեղծվել են, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ինչ վերաբերում է նրան, որ քսան տարի է Հայաստանում ընտրությունները կեղծվել են, ասեմ, որ դա ինձ համար բացահայտում էր: Նախ՝ ես չեմ հիշում, որ երբ նա բարձր պաշտոն էր զբաղեցնում, նման հայտարարություններ աներ, եթե ղեկավարության ականջին թաքուն ասել է, չգիտեմ, բայց հրապարակային չեմ հիշում: Եթե ընտրությունները կեղծվել են, ինչպես ասում է Վարդան Օսկանյանը, ապա իր նշանակումը՝ որպես արտաքին գործերի նախարար, չի եղել ո´չ լեգալ, ո´չ լեգիտիմ»,- ասաց Է. Շարմազանովը: