Հովհաննես Սահակյանը ՀԱԿ-ին մեղադրեց պատասխանատվությունից խուսափելու մեջ
ПолитикаԱզգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի համար անհասկանալի է այն պատգամավորների պահվածքը, ովքեր հայտարարում են, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի կայացել: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Հովհաննես Սահակյանը, հանդես գալով եզրափակիչ ելույթով, նշեց, որ իր մոտ տպավորություն է, թե Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից արդեն ընդունվել է՝ առանց կոնսենսուսի:
«Երբ մեր գործընկերները լքում են նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ կոնսենսուս չի կայացել, դա ընդամենը սեփական ընտրողների առջև պատասխանատվությունից խուսափել է նշանակում»,- նշեց Սահակյանը՝ ակնարկելով ՀԱԿ խմբակցությանը, որը ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քվեարկությունից առաջ հայտարարեց, որ առկախում է մասնակցությունը քննարկումներին, քանի որ կոնսենսուս չի կայացել:
Հովհաննես Սահակյանը հավելեց, որ քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացրած բոլոր գլոբալ առաջարկները հիմնականում ներառվել են Ընտրական օրենսգրքի նախագծում:
«Այն առաջարկները, որոնք մենք նախագծում չենք ներառել, ասել ենք, որ դոնոր կազմակերպություններ գտնելու դեպքում կողմ կլինենք նաև այդ առաջարկներին, ուստի սխալ եմ համարում դիրքորոշումը, թե Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի կայացել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նա հավելեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները շարունակվելու են նաև առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում: «Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք շահագրգիռ են լավ Ընտրական օրենսգիրք ունենալու հարցում, կոչ եմ անում մայիսի 2-ից մասնակցել մեր հանձնաժողովի աշխատանքային քննարկումներին և ներկայացնել իրենց առաջարկները: Մենք դեռ ժամանակ ունենք և պատրաստ ենք լսել առաջարկներ»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը: