«Փյունիկ»-ը ոչ-ոքի խաղաց 10 հոգով հանդիպումն ավարտած «Արարատ»-ի հետ
СпортՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Փյունիկ»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել էր «Արարատ»-ին:
Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ մեկական միավոր վաստակելու հնարավորություն տալով թիմերին:
Առաջին խաղակեսում չնայած «Փյունիկ»-ն ուներ խաղային և տարածքային առավելություն, սակայն դրանք գոլի չվերածվեցին: Երկրորդ խաղակեսում գրեթե հավասար պայքար ընթացավ, չնայած շատ բան փոխվեց հանդիպման 70-րդ րոպեից հետո, երբ «Արարատ»-ի ֆուտբոլիստ Ռաֆի Կայան կարմիր քարտ ստացավ: «Փյունիկ»-ը մեծ ջանքեր գործադրեց, սակայն հաղթանակի հասնել չկարողացավ:
24 տուրերից հետո «Փյունիկ»-ը 40 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում՝ առաջ պոկված «Ալաշկերտ»-ին զիջելով 9 միավորով: Երկրորդ տեղում ընթացող «Շիրակ»-ը «Փյունիկ»-ից առաջ է անցել 2 միավորով:
Ոչ-ոքի արդյունքի պատճառով միավորներ կորցրած «Արարատ»-ը այժմ 34 միավորով 5-րդն է: 24-րդ տուրում առանց խաղադաշտ դուրս գալու 3 միավոր վաստակած «Գանձասար Կապան»-ը («Ուլիս»-ի հետ խաղում տեխնիկական հաղթանակ է գրանցվել կապանյան թիմի օգտին) արդեն 3 միավորով առաջ է անցել «Արարատ»-ից: