Սիմեոնե. «Բավարիայի» հետ դիմակայությունով չեմ արդարացնի պարտությունը «Լեւանտեից»
СпортՄենք ավարտում ենք ֆանտաստիկ մրցաշրջան՝ ընդամենը մեկ հաղթանակած խաղով զիջելով «Բարսելոնային» կամ «Ռեալին», ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում «Լեւանտեից» 1:2 հաշվով պարտվելուց հետո:
«Ես չեմ կարծում, որ մենք չունեինք երկրորդ գոլը խփելու ցանկություն, բայց «Լեւանտեն» լավ էր պաշտպանվում եւ թույլ չտվեց մեզ ստեղծել պահեր: Ֆուտբոլի հմայքն էլ հենց այդ է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո կարող ես պարտվել այսպիսի խաղում: Բայց «Բավարիայի» հետ դիմակայությունով չեմ արդարացնի պարտությունը «Լեւանտեից»:
Ես երջանիկ եմ, որ հավասար պայքար ենք մղում «Բարսելոնայի» եւ «Ռեալի» հետ: Նախկինում մենք նրանցից հետ էինք մնում 10 հաղթանակով: Ես ասացի խաղացողներին, որ հպարտանում եմ նրանց կատարած աշխատանքով»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Սիմեոնեն մինչեւ Իսպանիայի առաջնության ավարտը որակազրկված է: «Աթլետիկոն» 85 միավորով երրորդ տեղում է եւ 3 միավոր է զիջում առաջատար «Բարսելոնային» ու 2 միավոր՝ երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»: