Շարմազանովը հետաքրքիր է համարում ԼՂ հակամարտող կողմերին զենքի վաճառի էմբարգոյի առաջարկը
ПолитикаՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը` ԼՂ հակամարտող բոլոր կողմերին զենք վաճառելու էմբարգոյի վերաբերյալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Շավարշ Քոչարյանը լուրջ քաղաքական գործիչ է, այն քիչ մարդկանցից է, ովքեր կոմպլեքս տիրապետում են ԼՂ հակամարտության պատճառներին և դրանց վերացման ճանապարհներին: «Ես կարծում եմ, որ նա շատ հետաքրքիր կարծիք է արտահայտել: Հայաստանը խաղաղասեր երկիր է, մենք բացառապես խաղաղություն ենք քարոզում: Մենք սպառազինությունների մրցավազքով երբեք էլ հիացած չենք եղել և մշտապես դա քննադատել ենք: Բայց քանի դեռ Ադրբեջանը զինվում է, Հայաստանը պետք է առաջնորդվի «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» փիլիսոփայությամբ»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի մասին է: «Դժբախտաբար, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք երկու հարևաններ, և Ալիևն ու էրդողանը Հիտլերի ու Մուսոլինիի նման միմյանց հետ մրցույթ են սկսել՝ պարզելու, թե ով է ավելի ֆաշիստ ու նացիստ: Այս իմաստով, բնականաբար, մենք պետք է շրջահայաց լինենք»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել ավստրիական Die Presse թերթին, որում հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի վաճառքի էմբարգոյին: