Goal.com-ը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Գերմանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում
СпортԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Goal.comհեղինակավոր կայքի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Գերմանիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքականում: Թիմում տեղ են գտել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ավագի ակումբակիցներ Մատս Հումելսն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
«Հայ ֆուտբոլիստին հաջողվեց սխրանք գործել «Բորուսիայի» կազմում անցկացրած երրորդ մրցաշրջանում: Նա աչքի ընկավ ստեղծագործական աներեւակայելի որակներով եւ կատարեց 20 գոլային փոխանցում»,- Մխիթարյանի մասին գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանին Գերմանիայի այս առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր նաեւ Whoscored.com-ը, որը նրան տվել էր թիմի ամենաբարձր միջին գնահատականը՝ 7.9: Մրցաշրջանում 5-րդ դեղին քարտը ստանալու պատճառով նա բաց է թողնելու «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղը:
