ՄԽ համանախագահող երկրներն ընդունում են պաշտոնական Երևանի առաջարկները. Շարմազանով
ПолитикаՀասարակական-քաղաքական կյանքի ամենաառանցքային հարցը շարունակում է մնալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը եւ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանյան կողմը հստակ ներկայացրել է իր թեզիսները, եւ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը վե րահաստատեց, որ նրանք ընդունում են պաշտոնական Երեւանի առաջարկները՝ եւս մեկ անգամ պնդելով, որ 1994 թվականին կնքված զինադադարն անժամկետ է եւ վստահության մեխանիզմների հետաքննությունն ուղղակի անհրաժեշտություն է»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ հանդիպումից հետո հանրապետության առաջնորդը հղեց կոնկրետ ազդակներ. «Առաջին՝ պատերազմը լավագույն լուծումը չէ, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կտրվի համարժեք պատասխան:
Երկրորդ՝ բովանդակային իմաստով բանակցությունների մասին որեւէ խոսք չի եղել:
Երրորդ՝ հայաստանյան կողմն առաջարկել է մինչեւ հաջորդ՝ նախատեսվող հանդիպումը շփման գծում իրականացնել մոնիտորինգ:
Ընդ որում, մոնիտորինգի հաստատման որեւէ նախապայման չի եղել: Հայաստ անյան կողմը հանդես է եկել ոչ թե խնդրողի, այլ առաջարկողի եւ պնդողի դերում:
Չորրորդ՝ մեր զինված ուժերը կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը եւ թույլ չեն տվել հակառակորդին ագրեսիայի արդյունքում միակողմանի զիջում կորզել հայկական կողմերից: Անհերքելի փաստ է, որ Ադրբեջանը ձախողվել է:
Հինգերերոդ՝ մենք մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Արցախում ձգտում ենք խաղաղության, որպեսզի մեր հայրենակիցները ծառայեն իրենց Հայրենիքին, ապրեն եւ արարեն հանուն հայրենիքի»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Եզրափակելով խոսքը՝ԱԺ փոխնախագահը հավելեց, որ դրա համար մենք պարտավոր ենք միավորել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ Սփյուռքի ջանքերը: Նրա խոսքով՝ դա է միակ ուղին: