ԼՂ գոտում մշտադիտարկման հաստատումը կարևոր նախապայման է լարվածության կանխման համար. Էդելգարդ Բուլմահն
ПолитикаԳերմանիան համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ու չի լուծվի ռազմական ճանապարհով:
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահն ը:
«Ուստի մենք կոչ ենք անում, որ կողմերը պահպանեն հրադադարի շուրջ ձեռք բերված նոր պայմանավորվածությունը: Մենք կարծում ենք, որ մշտադիտարկման մեխանիզմների հաստատումը շփման գծում շատ կարևոր նախապայման կլինի հակամարտության հետագա թեժացումը կանխելու գործում: Այս մշտադիտարկման գործընթացի բաղկացուցիչը կլինի նաև ԵԱՀԿ գրասենյակի անձնակազմի մեծացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-ասաց պաշտոնյան:
Բունդեսթագի փոխնախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ակնկալվող հանդիպումները կլինեն արդյունավետ, ինչպես Վիեննայի հանդիպումն էր:
«Հուսով ենք, որ հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը հիմք կհանդիսանա հետագա բանակցությունների վերսկսման համար, իսկ այդ բանակցությունների հիմքում կշարունակվեն մնալ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված սկզբունքները»,-նշեց Էդելգարդ Բուլմահնը:
Պատգամավորը նաև վստահեցրեց, որ ԵԱՀԿ նախագահությունն ստանձնած Գերմանիան ու անձամբ արտաքին գործերի նախարարը ջանքեր են ներդնելու տարածաշրջանում հակամարտությունների թեժացումները կանխելու համար: