Զիդան. Եզրափակչում կփորձենք մեր խաղը թելադրել
Спорт«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է մադրիդյան ակումբում աշխատանքի, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին:
-Մոտ 5 ամիս է՝ գլխավորելու եք «Ռեալը»: Ձեր աշխատանքում ի՞նչն է ամենաբարդը:
-Երբ սկսեցի աշխատանքս, ինձ համար ամեն ինչ նորություն էր, սակայն պետք է անմիջապես հաղթեինք: Դա ինձ համար իսկական փորձություն էր: Երեք շաբաթ տքնաջան աշխատել ենք: Այդ շրջանը շատ կարևոր էր, հատկապես ֆիզիկական պատրաստվածության մասով: Հետո սկսեցինք հաղթել, իսկ հիմա մրցաշրջանի ավարտն է, և առջևում ամենակարևոր խաղն է:
-Ի՞նչ եք սպասում եզրափակչից:
-«Ատլետիկոն» յուրահատուկ մրցակից է: Եզրափակչի ճանապարհին նրանք հաղթել են Եվրոպայի երկու ուժեղ թիմերին, այնպես որ՝ մեզ համար բարդ է լինելու: Ինչպես միշտ, «Ատլետիկոն» հուսալի պաշտպանվելու է, բայց չի կարելի ասել, թե այս թիմը միայն պաշտպանվում է: Նրանք լավ ֆուտբոլ են խաղում և կարող են խնդիրներ առաջացնել: Մենք դա հասկանում ենք և փորձում ենք լավագույնս պատրաստվել: Կփորձենք մեր խաղը թելադրել, որպեսզի եզրափակիչ սուլիչից հետո չզղջանք:
-«Ռեալում» հայտնվեցինք 29 տարեկանում և մնացինք 5 մրցաշրջան: Ինչ նշանակություն ունի այս ակումբը Ձեզ համար:
-Իմ կյանքի լավագույն շրջանը «Ռեալում» խաղալն է եղել: Միշտ երազել եմ այս սպիտակ մարզաշապիկը հագնելու մասին: Երազանքս իրականություն դարձավ նախագահի շնորհիվ, ով գնեց իմ տրանսֆերը: Հիմա մարզում եմ աշխարհի մեծագույն ակումբը: Ես երջանիկ մարդ եմ:
-2002 թվականին, Գլազգոյում Դուք օգնեցիք «Ռեալին» հաղթել Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Ինչո՞վ է այդ խաղը յուրահատուկ:
-Այդ տիտղոսը չկար իմ հավաքածուում, և փաստը, որ ես Չեմպիոնների լիգայում հաղթեցի «Ռեալի» կազմում, այն ավելի յուրահատուկ է դարձնում: Ես մրցաշարում հաղթեցի նաև 2014 թվականին, երբ Կարլո Անչելոտիի օգնականն էի: Հիմա հույս ունեմ, որ կհաղթեմ մարզչի կարգավիճակում: Վայելում եմ ակումբում անցկացրած ամեն վայրկյանը: Չեմ դադարում կրկնել, որ իմ բախտը բերել է: Կարող եմ հպարտանալ մեծագույն ակումբում ունեցած կարիերայով:
-Գլազգոյում խփած գոլը... Ինչո՞ւ այդպես հարվածեցիք: Ռոբերտո Կարլոսի փոխանցումից հետո գնդակը հարմար չէր ընթանում:
-Այո, այդ գոլը... Այն էլ Կարլոսի անհարմար փոխանցումից հետո: Նման գոլեր կարիերայում մեկ անգամ ես խփում: Ես հետո փորձել եմ կրկնել այդ հարվածը, բայց դա հատուկ պահ էր և տեղի ունեցավ հենց Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Չեմ կարող ոչինչ բացատրել: Պետք է պարզապես ուրախ լինեմ, որ ինձ հաջողվել է նման գոլ խփել: