Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ե´ւ սադրանքների, ե´ւ կրակոցների. ՀՀԿ պատգամավոր
ПолитикаՎիեննայում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ոչ թե նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին, այլ սեփական ագրեսորական մղումներին: Միջազգային հանրության հետ հաշվի չնստող ալիեւյան կլանը մինչ օրս հրահանգում է լարված պահել հայ-ադրբեջանական սահմանը, ինչի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:
«Կրակոցները եղել են միշտ ու տարբեր հանդիպումներից առաջ ու հետո, համոզված եմ, որ ադրբեջանական կողմը շարունակելու է խախտել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, հենց դա է պատճառը, որ մենք պետք է միշտ զգոն ու պատրաստ լինենք: Հուսով եմ՝ հետագայում Վիեննայի շարունակությունը մենք կտեսնենք եւ այն մեխանիզմները, որոնք խոստացել են միջնորդ երկրները, կներդրվեն ու այդուհետ շատ ավելի օբյեկտիվ կլինի վերաբերմունքը: Ադրբեջանցիներին կարող է սաստել նաեւ այն հանգամանքը, որ միջազգային հանրության կողմից հստակ կներկայացվի, թե ով է իրական ագրեսորը»,- ասաց պատգամավորը:
«Մենք միամիտ չենք ու երբեք էլ միամիտ չենք եղել՝ հասկանալու համար, որ նույնիսկ Վիեննայի հանդիպումից հետո ու բանակցությունների ընթացքում այդ կրակոցները չեն հնչի: Եթե Ադրբեջանի նախագահը բոլոր միջնորդների ու միջազգային կառույցների, բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ բացահայտ ստում է ու ասում, որ ագրեսիան իրենք չեն հրահրել, ապա դա նշանակում է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ե´ւ սադրանքների, եւ կրակոցների: Իհարկե, բարեբախտաբար, զոհեր չունենք, բայց դա բոլորովին չի նշանակում, որ մենք չպետք է զգոն լինենք»,- ասաց նա:
Անկախ ադրբեջանական հիստերիկ դրսեւորումներից՝ պատգամավորը հարկ է համարում հիշեցնել, որ հայկական կողմը կողմ է խաղաղ ճանապարհով հարցի լուծման ձեւաչափին. «Մենք կարծում ենք, որ խաղաղ ճանապարհը հարցի ավելի ճիշտ լուծումն է: Մենք խաղաղություն ենք ուզում, իհարկե, եթե ադրբեջանական ագրեսիան չանցնի չափերը, իսկ ինչ վերաբերում է Վիեննայի հանդիպումից հետո իրադարձություններին, ապա կարծում եմ, որ ե´ւ միջնորդ պետությունները, ե´ւ նրանց խոստումները հստակություն կմտցնեն հարցում: Ես համոզված եմ, որ իրենք էլ լավ գիտեն, որ ագրեսոր երկիրն Ադրբեջանն է»:
Սոսե Չանդոյան