Մենք ուրախ կլինեինք ապրիլի 2-3-ի գիշերը ՀՀ երեք նախագահներին տեսնել Ստեփանակերտի հրապարակում՝ միջազգային մամուլին հարցազրույցներ տալիս. Թեւան Պողոսյան
ПолитикаԼրատվամիջոցների թիվ մեկ թեման ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հանդեպ իրականացված բռնությունն է, ինչի մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսեց նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Պատասխանելով Orer.am-ի հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանի այցը Արցախ քաղաքական նոր մշակույթ կձեւավորի, պատգամավորը նշեց. «Հուսով եմ, որ այդպես պետք է լինի, քանի որ մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հայ, ով վերադառնում է հայրենիք, սրտացավ է, իսկ նրանց այդ վերաբերմունքը մենք պետք է հարգենք ու նրանց կարծիքը լսենք: Պետք է երկխոսության մշակույթ ձեւավորենք: Վստահ եմ, որ ինչպես արցախյան բոլոր իշխանավորների սիրտն է ցավում երկրի համար, այդպես էլ պարոն Բաբայանի սիրտն է ցավում հայրենիքի համար: Նկատենք, որ Սամվել Բաբայանը իրոք սրտացավ է, քանի որ դեռ 2011 թվականին նամակ է գրել ու զգուշացրել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Արցախում կազմակերպված հանրահավաքին՝ Թեւան Պողոսյանը նշեց, որ դա լավագույն օրինակն էր աշխարհին ցույց տալու, որ մենք ունենք ոչ միայն քննադատելու, այլեւ առաջարկներ լսելու ունակություն: «Մենք պետք է այս ուղղությամբ տանենք հարցը, այլ ոչ թե հարցերի լուծումները տեսնենք պաշտոնների մեջ: Ինքը՝ պարոն Բաբայանը, ասել է, որ տողատակ փնտրել պետք չէ, չի եկել պաշտոն ստանալու: Նրա ունակությունները կարելի է օգտագործել տարբեր ձեւերով՝ խորհրդատվական, ուսումնական եւ այլն: Վերջին հաշվով նա հրամանատար է եղել ու կարող է փորձի փոխանակմամբ հանդես գալ: Մենք ամեն ինչ սեւի ու սպիտակի մեջ ենք տեսնում, այսօր սոցցանցերում արդեն քննարկումներ են ընթանում՝ կա՛մ Սամվել Բաբայանի կողմից ես, կա՛մ մեր: Սա սխալ մոտեցում է, քանի որ մենք չպետք է բաժանվենք, ընդհակառակը, պետք է ավելի միասնական լինենք: Այս կոնտեքստում կմեջբերեմ տիկին Մերկելի պատասխանը Բունդեսթագի որոշման վերաբերյալ: Նա ասել էր, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է, սակայն իրենք ժողովրդավարական երկիր են, որն իր հերթին ունի յուրահատկություն՝ կարծիքները չկիսելու ու սեփական կարծիքն արտահայտելու: Քննադատությունն առաջին փուլն է, իսկ երկրորդը կարծիքներ հավաքելու ու քննարկելու փուլն է: Հուսով եմ, որ մենք գիտակցում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք խնդիրը չպետք է անձնավորենք»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե օրերս տեսակետներ են հնչում, որ եթե Սամվել Բաբայանը սրտացավ էր, ինչո՞ւ քառօրյա պատերազմի ժամանակ չժամանեց Արցախ ու իր փորձը չփոխանակեց երիտասարդ կադրերին, Թեւան Պողոսյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Այս օրերին տարբեր կարծիքներ հնչեցին, ասացին՝ ինչու սա, ինչու նա չեն գնացել դիրքեր ու կանգնել առաջին գծում, շատերն էլ քննադատեցին ուշացողներին, այսինքն՝ հնչեցին տարբեր տեսակետներ, սակայն նույնը կարող ենք ասել երեք նախագահների մասին, մենք ուրախ կլինեինք, եթե ամսի 2-3-ի գիշերը ՀՀ երեք նախագահներին տեսնեինք Ստեփանակերտի հրապարակում կանգնած ու BBC-ին, CNN-ին, ОРТ-ին հարցազրույցներ տալիս՝ հաշվի առնելով նրանց քաղաքական կշիռն ու անցած ճանապարհը: Շատ ուրախ կլինեինք այնտեղ տեսնել նաեւ նախկին պաշտպանության նախարարներին: Հետաքրքիր է, որ մարդիկ նման հարց են բարձրացնում, սակայն չեն հարցնում՝ ինչու 2011թ. նույն Սամվել Բաբայանը նամակ գրեց, որն ուղիղ կապ ուներ երկրի անվտանգությանը: Եթե ընկնենք ինչուների շարքի հետեւից, ապա որեւէ բանի չենք հասնի: Մենք պետք է ուրախ լինենք, որ, ի վերջո, այստեղ ենք, միասնական ու կարող ենք փորձի փոխանակում իրականացնել, այդ միջոցով են կերտվելու հաղթանակները»,- նկատեց Թեւան Պողոսյանը:
Սոսե Չանդոյան