Սերգո Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր տեղակալներին
ПолитикаՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Orer.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:
Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին, տեղակալներ Սամվել Գալստյանին և Գառնիկ Պետրոսյանին՝ երկար տարիների նվիրված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում որոշում է կայացվել կրճատել երեք փոխնախարարի հաստիք:
Սա, իհարկե, շատ դժվար որոշում էր, մենք շուրջ 6 տարի իրար հետ ճանապարհ ենք անցել, դրանք շատ կարևոր տարիներ էին, որոնց ընթացքում գյուղատնտեսության ոլորտում համատեղ աշխատանքի շնորհիվ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Կարապետյանը: Նախարարը հավելել է, որ երեք փոխնախարարներն էլ իրենց գործի գիտակ, բարձրակարգ մասնագետներ են, ովքեր տասնյակ տարիների ընթացքում կարևոր ներդրում են ունեցել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում, և կրճատման փաստը որևէ առնչություն չունի նրանց մասնագիտական կարողությունների հետ:
Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը նույնպես շնորհակալություն են հայտնել նախարարին և նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ կշարունակեն իրենց փորձառությունն ու գիտելիքները ներդնել ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար նախարար Սերգո Կարապետյանը Գառնիկ Պետրոսյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով, իսկ Գրիշա Բաղիյանին և Սամվել Գալստյանին` պատվոգրերով (նախկինում վերջիններս արդեն իսկ արժանացել են ոսկե մեդալների):
Ա.Գ.