ԱԺ նախագահը և փոխնախագահը՝ Վարդան Օսկանյանի կուսակցության մասին
ПолитикаԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չունի տեղեկատվություն, թե պատգամավոր Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում» կուսակցության հետ կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե կան խոսակցություններ, որ նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշեց, որ չի կարելի անընդհատ, երբ որևէ մեկը գործ է կատարում, դա կապել սրա կամ նրա հետ:
«Հիմա մարդիկ են, հավաքվել են իրենց կուսակցությունն են ստեղծում: Բնականաբար, պետք է ասեմ, որ կուսակցությունը կարողանում է մարտունակ դառնալ, եթե 3-6 տարի կարողանում է մրցակցության մեջ մնալ: «Թե չէ հենց այնպես հավաքվել, կուսակցություն ստեղծել ու մասնակցել ընտրություններին, կարծում եմ, որ դա հիմք չէ հաղթելու համար: Թող մասնակցեն, փորձ ձեռք բերեն, հետո մի որոշ ժամանակ անց կերևա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
Վարդան Օսկանյանի կուսակցությանն անդրադարձել է նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:Լրագրողները Շարմազանովից հետաքրքրվեցին՝ մասնակցելու՞ են ՀՀԿ-ականները «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարին. «Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը եւ մասնակցելը, իսկ բոլոր քաղաքական կուսակցություններին արդար մրցապայքարում հաջողություն եմ մաղթում»,- պատասխանեց Շարմազանովը:
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարն անցկացվում է հունիսի 17-ին: Կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ են նաև ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը: