«Եվրո 2016». ակնկալիքներ B խմբի եզրափակիչ հանդիպումներից
Спорт«Եվրո 2016»-ում շարունակվում է խմբային փուլի վերջին տուրը: Պայքարը կշարունակեն B խմբի հավաքականները: «Արմենպրես»-ը ներկայացնում է օրվա հանդիպումների հետխաղային տեսությունը:
Ռուսաստան-Ուելս: «Եվրո 2016»-ի B խմբում բոլոր թիմերը պահպանում են շանսերը հաջորդ փուլ դուրս գալու համար: Ռուսաստանի հավաքականը Անգլիայի ընտրանու դեմ գրագետ հանդիպում անցկացնելուց հետո հիասթափեցրեց իր ֆուտբոլասերներին: Թվում էր, Սլովակիայի հետ դիմակայությունում ռուսները բացահայտ ֆավորիտ են, բայց, ինչպես ցույց տվեց խաղի ընթացքը, սպասելիքները այլ են, իսկ խաղադաշտում ապացույցները բոլորովին անսպասելի: Սլովակիան իր կազմում ունենալով համաշխարհային ֆուտբոլի ընդամենը մեկ գերաստղի, հիանալի օգտագործեց իր առաջատարին: Մարեկ Համշիկ ի ֆանտաստիկ խաղը Ռուսաստանի ընտրանուն բարդ կացության մեջ դրեց:
Ուլեսի ընտրանին «Եվրո 2016»-ը սկսեց գեղեցիկ հաղթանակով Սլովակիայի նկատմամբ: Գարեթ Բեյլն ապացուցեց, որ գտնվում է հիանալի մարզավիճակում: Ուելսցիներն իրենց փայլուն դրսևորեցին բրիտանական դերբիում: Նույն Բեյլի գնդակը Անգլիայի հավաքականի նկատմամբ հաղթանակ էր ապահովում 1-ին կեսում: Սակայն Ուելսը թուլացրեց զգոնությունը և 2-րդ կեսում բաց թողնելով անգլիացիների գրոհները՝ պարտություն կրեց:
Ռուսաստանի և Ուելսի հավաքականները միմյանց հետ անցկացրել են 9 հանդիպում: Դիմակայությունում ավելի հաջողակ են գտնվել ռուսները, որոնք իրենց օգտին գրանցել են 5 հաղթանակ: Ուելսը հաղթել է ընդամենը 1 խաղում և ևս 3 հանդիպում ավարտել ոչ -ոքի: Ուելսցիները, 2004-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 3 պարտություն գրանցելով, զբաղեցրին 2-րդ հորիզոնականը և ստացան անցումային խաղերին մասնակցելու իրավունք, որտեղ մրցակիցը հենց Ռուսաստանն էր: Ռուսաստանի հետ հանդիպումներն ընթացան սկանդալային մթնոլորտում: Մոսկվայում ռուսները դոպիգային որակազրկման արդյունքում զրկվել էին թիմի առաջատար Եգոր Տիտովից: Խաղի ընթացքում Ռայան Գիգզը հարվածեց Վադիմ Եվսեևին, իսկ մրցավարն անգամ չզգուշացրեց նրան: Թեժ կրքերով լեցուն հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Քարդիֆում ռուսներն ավելի ուժեղ գտնվեցին, աչքի ընկավ նույն Եվսեևը՝ միակ ու հաղթական գնդակն ուղարկելով վալիացիների դարպասը: Այս դիմակայությունում ռուսները հեղինակել են 12 գնդակ` սեփականն ընդունելով 5-ը: Եվրո 2016-ում պայքարը շարունակելու համար թիմերից յուրաքանչյուրին ձեռնտու է հաղթանակը: Ռուսները, եթե հաղթեն, իսկ Անգլիան ու ժեղ գտնվի սլովակներից, Ռուսատանը 2-րդ տեղով դուրս կգա 1/8 եզրափակիչ: Ցանկացած հաշվով ոչ-ոքին Ռուսաստանին դուրս կթողնի պայքարից: Ուելսի ընտրանուն բավարար է նույնիսկ ոչ-ոքին, եթե Անգլիան հաղթի Սլովակիային: Այս բոլոր հարցերի պատասխանները կստանանք Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:
Անգլիա-Սլովակիա: Անգլիայի հավաքականը B խմբում ամենանպաստավոր դիրքում է: Անգլիացիները ոչ մի հավաքականից կախված չեն: Նույնիսկ ոչ-ոքի արդյունքը Հոջսոնի խաղացողներին դուրս կբերի 1/8 եզրափակիչ: Սլովակիային հաղթելու դեպքում Անգլիան խմբում կգրավի 1-ին հորիզոնականը: Սլովակների հաղթանակի և Ուելսի ընտրանու հաղթանակի դեպքում Անգլիան կարող է լքել «Եվրո 2016»-ը: Հենց այսպիսի շախմատային հաշվարկներ են դրված Սլովակիա-Անգլիա հանդիպման հիմքում: Սլովակիան այս պահի դրությամբ ունի 3 միավոր, իսկ Անգլիան՝ 4 միավոր:
Սլովակիան ու Անգլիան միմյանց դեմ երեք հանդիպում են անցկացրել: Բոլոր երեքն էլ ավարտվել են անգլիացիների հաղթանակով: «Եվրո 2004»-ի որակավորման փուլում նրանք Բրատիսլավայում հաղթանակ տոնեցին 2-1 հաշվով: Հյուրերից աչքի ընկան Մայքլ Օուենն ու Դևիդ Բեքհեմը: Հաջորդ հանդիպմանը` Միդլսբրոյում, անգլիացիները կրկին առավելության հասան 2-1 հաշվով: Եվս մեկ հանդիպում, այս անգամ՝ ընկերական, թիմերն անցկացրին 2009-ին: «Ուեմբլի»-ում անգլիացիները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Սլովակիայի հավաքականի կազմում ամենաշատ խաղեր անցկացրել է Միրոսլավ Կարգանը, որը 107 անգամ հագել է հավաքականի մարզաշապիկը: Սլովակների լավագույն ռմբարկուն Ռոբերտ Վիտեկն է՝ 23 գոլով:
Անգլիացիների կազմում լավագույն ռմբարկուն Ուեյն Ռունին է՝ 52 գնդակ: Իսկ ամենաշատ հանդիպումները հավաքականի կազմում անցկացրել է դարպասապահ Փիթեր Շիլթընը, 125 խաղ: Ի դեպ, Շիլթընը նաեւ համաշխարհային ֆուտբոլի ռեկորդի հեղինակ է՝ իր անցկացրած պաշտոնական խաղերի քանակով: Նա կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ 1391 խաղ է անցկացրել: Անգլիա-Սլովակիա հանդիպումը կկայանա Երևանի ժամանաով ժամը 23:00-ին: