Ո՞վ է ասել, որ բոլոր հարցերի շուրջ պետք է լիակատար համաձայնություն լինի, որ սկսեն փառաբանել. Ա. Ռուստամյան
ПолитикаԱյսօր ԱԺ արտահերթ նիստում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այս քննարկումներից այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կան որոշ մարդիկ, ովքեր բացառիկ տաղանդ ունեն` ամեն ինչ այնպես խճճելու, որ ամեն ինչ խառնվի իրար, որ ոչ ոք չհասկանա, թե ինչ են ուզում անել: Եկեք դադարեցնենք սա, որովհետեւ այն կբերի նրան, որ պտուղը պտղաջրի հետ կթափենք: Մարդիկ կան, որ պտուղը պտղաջրից չեն տարբերում: Կան մարդիկ, ովքեր այդ պտղաբերությանը չեն մասնակցել եւ նրանց ձեռ չի տալիս, որ այդ պտուղը լինի, որովհետեւ նրանց քաղաքական շահը պահանջում է, որ ամեն ինչ պետք է վատ լինի: Ո՞նց կարող է ամեն ինչ լավ լինել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԸՕ-ի վերաբերյալ իշխանություն-ընդդիմություն քննարկումներն աննախադեպ էին ու կարեւոր:
«Այդ ձեւաչափում աշխատելով երկար ժամանակ՝ վերջում հանգել ենք լուրջ արդյունքի, որը պետք է փայփայել: Համաձայնության են եկել հինգ քաղաքական ուժերի լեգիտիմ ներկայացուցիչներ, որը քաղաքական ուժերի հարաբերության մեջ համարվում է Սահմանադրության նման մի բան, սակայն այդ լրջագույն համաձայնությունը հիմա փորձում են ոտքի տակ տալ: Ո՞վ է ասել, որ բոլոր հարցերի շուրջ պետք է լիակատար համաձայնություն լինի, որ սկսեն փառաբանել, ո՞վ է ասել, որ պետք է կատարյալ լինեն բոլոր լուծումները: Այստեղ վիճում են «կոնսենսուս» բառի շուրջ, բայց համաձայնության մեջ հստակ ասված է, որ չորս հարցի շուրջ կա կոնսենսուս, իսկ մեկ հարցի շուրջ էլ կա համաձայնություն, որ շարունակեն քննարկումները»,- ասաց Արմեն Ռուստամյանը: