Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից քննադատեց ՕԵԿ-ին և ԲՀԿ-ին, Բիշարյանն էլ նրան պատասխանեց` «չափներդ ճանաչեք»
ПолитикаԱզգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թեժ բանավեճի բռնվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փա շինյանը շատ կոշտ արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունների ղեկավարների հնչեցրած մեղադրանքներին:
Պատգամավորն իր ելույթի սկզբում հայտարարեց, որ երբ ինքը հայտարարել է, որ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է լինել այդ ընդդիմությունը, ԱԺ նիստերի դահլիճում բավական հաճախ սկսել են «հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունենալ»: «Այս դահլիճից ճիչեր են արձակում, թե գիտեք՝ ոմանք հավակնում են լինել եզակի և մեկ ընդդիմություն: Այդ ոմանք էլ մենք ենք՝ մեր քաղաքական ուժը: Կներեք, իսկ ո՞վ պետք է հավակնի:
Դո՞ւք պետք է հավակնեք, որ խոսում եք ընտրակեղծիքներից, սակայն ընտրակեղծիքների դաշնակիցն եք եղել: Ելույթներ են հնչում, քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարում է, թե իրենք ավանդական քաղաքական ուժ են: Այնքան ավանդական են, որ վերջին մեկ տարվա իրենց ամենահրատապ խնդիրը իրենց անունը փոխելն է, այդ անունից ազատվելն է: Ավանդական քաղաքական ուժիս տեսեք, կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են: Այսպես որ շարունակվի, կարող են անուն-ազգանուններն էլ փոխեն մորուք պահեն, որ իրենց փողոցում էլ չճանաչեն: Մի հատ էլ հայտարարում են, թե մարդիկ եկել Ազգային ժողովի ամբիոնից խոսում են, բայց դեռ հարց է՝ ընտրական օրենսգիրքը կարդացե՞լ են, թե՞ չեն կարդացել: Դեռ պետք է հասկանալ, թե ում նկատի ունի, բայց սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի խմբակցության անդամները օրը 10 անգամ ինչ-որ տեղից թղթի վրա գրված, դողդողալով, անհասկանալի բառերով, իրենք իրենց կարդացած տեքստերից վախեցած հարցեր են տալիս ու ելույթ են ունենում: Ով էլ կարդալուց ու հասկանալուց խոսի… Դուք տանձից ու խնձորից խոսեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի ելույթին տեղից արձագանքեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նիկոլ Փաշինյանը Բիշարյանին կոչ արեց հանգստանալ ու իրեն մինչև վերջ լսել:
Այնուհետև Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի քննադատական ելույթներին իր կուսակցության հասցեին: «Մի խմբակցության ղեկավար էլ մի քանի օր է` հայտարարում է ինչ-որ աղանդավորական խմբակների մասին: Եվ սա ասում է մի կուսակցության ներկայացուցիչ, որի ամբողջ կենսագրությունը մինչև բոլորովին վերջերս և, միգուցե, ապագայում՝ կառուցված է առավոտյան, միջօրեի և երեկոյան պաշտամունքի վրա: Ու, ըստ էության, ի՞նչ է տեղի ունենում: Ախր չի կարելի: Տիկին Զոհրաբյան, ես խնդրում եմ՝ իրականության զգացումը մի կորցրեք: Դուք այլևս «Հայ կական ժամանակ» թերթի լրագրող չեք, որ կատարյալ խոսքի ազատություն ունենաք: Զգույշ եղեք»,- նշեց Փաշինյանը:
Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր պատասխան ելույթում Նիկոլ Փաշինյանին մեղադրեց իշխանության պատվերը կատարելու մեջ ու նրան հաշիվներ պարզելու համար դահլիճից դուրս հրավիրեց: «Դու ո՞վ ես, որ գնահատական տաս մարդկանց, որոնք ճանապարհ են անցել, քեզանից խելացի են, որովհետև մենակ չեն, ուժ են: Մի թույլ տվեք ձեզ այստեղից գնահատականներ տալ տարբեր քաղաքական ուժերին: Ես սրանից հետո իմ ընկերներին կոչ կանեմ՝ չափներդ ճանաչեք: Եթե չափվելու տեղ եք ուզում, դահլիճից դուրս եկեք: Ուժեղ տղերք եք, եկեք տղայական «ռազբորկի», ոչ թե այստեղ ինչ-որ բառեր ասեք ու թռեք: Քիչ առաջ ամբիոնից հնչած ողջ բովանդակությունը իշխանության պատվեր էր»,- ասաց Բիշարյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավարի ելույթին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց բուռն ծիծաղով: