«Եվրո 2016». Բե՞յլ, թե Ռոնալդու: Պորտուգալիա-Ուելս
Спорт«Եվրո 2016»-ը քայլ առ քայլ մոտենում է եզրագծին: Մնացել է ընդամենը 3 հանդիպում, և պարզ կդառնա առաջնության հաղթողը: Կիսաեզրափակիչ առաջին խաղը Պորտուգալիայի և Ուելսի ազգային ընտրանիների հանդիպումն է, որտեղ կիմանանք առաջին հաջողակի անունը:«Արմենպրես»-ը ներկայացնում է կիսաեզրափակիչ առաջին դիմակայության նախախաղային տեսությունը:
Պորտուգալիայի ազգային հավաքական: «Եվրո 2016»-ում Պորտուգալիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը մի շարք խոսակցությունների առիթ է տալիս: Դեռ չի եղել ոչ մի հանդիպում, որտեղ Ֆեռնանդու Սանտուշի խաղացողները նկատելի առավելություն ունենան և մրցակցին գերազանցելու հաշվին անցնեն հաջորդ փուլ: Այնուամենայնիվ, այս հավաքականի կազմում յուրաքանչյուր հանդիպման ընթացքում հայտնվում է մի ֆուտբոլիստ և իր վրա վերցնում առաջատարի պարտականությունները: Այս ամենը, իհարկե, խոսում է այն մասին, որ «եվրոպական բրազիլացիներն» իրենց կազմում ուն են ֆուտբոլիստներ, ովքեր միայնակ էլ կարող են վճռել մրցավեճի ելքը:
Հաղթահարելով խմբային փուլի արգելքը՝ Պորտուգալիան 1/8 եզրափակիչում` չհամարվելով դիմակայության ֆավորիտ, Խորվաթիայի հետ խաղում, այնուամենայնիվ հասավ ցանկալի արդյունքի: Քառորդ եզրափակիչում Լեհաստանի հավաքականի դեմ խաղն ավելի քան բարդ ստացվեց Ֆեռնանդու Սանտուշի թիմի համար: Արդեն 2-րդ րոպեին Պորտուգալիան հայտնվեց հետապնդողի կարգավիճակում: Եթե չլիներ երիտասարդ Ռենատու Սանշեշը, դժվար է պատկերացնել, թե ինչպես Պորտուգալիան կկարողանար խաղի ընթացքում փոխել մրցավեճի վերջնական ելքը: Սանշեշը հիանալի գոլով կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Հետագայում թիմերը հիմնական և լրացուցիչ ժամանակում ոչինչ չկարողացան անել, և հանդիպումն ավարտվեց 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ հաջողությունը ուղեկցեց Պորտուգալիային: Կիսաեզրափակիչում շատ բան կախված կլինի Պորտուգալիայի հավաքականի հարձակման առաջատար Քրիշտիանու Ռոնալդուից: Նրան խաղադաշտում կդիմագրավի «Ռեալ»-ում ամենահզոր թիմակիցը` Գարեթ Բեյլը:
«Ռոնալդուն օրինակ է մեր թիմում բոլոր ֆուտբոլիստների համար: Ինչպես է նա աշխատում մարզումների ժամանակ, ինչպես է շփվում խաղընկերների հետ. դա պարզապես անհավանական է: Ինչ վերաբերում է մեր մրցակից Ուելսին, ապա նրանք հիանալի առաջնություն են անցկացնում: Ես Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Կոուլմանի մեծ երկրպագուն եմ»,-ասել է Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը:
Ուելսի ազգային հավաքական: Այն, ինչ արեցին Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները «Եվրո 2016»-ում կարել է բնութագրել ընդամենը մեկ բառակապակցությամբ` «անհավանական ֆուտբոլ»: Առաջին անգամ մասնակցելով այսպիսի մեծ մրցաշարի՝ եվրոպական համեստ հավաքականը առաջին իսկ օրվանից սկսեց կայուն ու հստակ քայլերով գծել իր ճանապարհը: Բացի այն, որ թիմում առկա են համաշխարհային ֆուտբոլի գերաստղեր, նկատվում է նաև կազմակերպված թիմային խաղ: Առաջնության մեկնարկից առաջ բազմաթիվ երկրպագուներ կես կատակ կես լուրջ ցանկանում էին Քրիշտիանու Ռոնալդուին և Գրեթ Բեյլին տեսնել խաղադաշտում` միմյանց դեմ պայքարելիս: Այս հանդիպումը երկու առաջատար ֆուտբոլիստների՝ միմյանց դեմ պայքարը տեսնելու յուրահատուկ հնարավորություն է:
«Եվրո 2016»-ի խմբային փուլը հաղթահարելուց հետո Ուելսի հավաքականը 1/8 եզրափակիչում մեծ դժվարությամբ կարողացավ հաղթանակի հասնել Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչ հանդիպումը ֆանտաստիկ ընթացք ունեցավ և՛ երկրպագուների, և՛ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստների համար: Տիրելով առավելությանը՝ Բելգիայի ընտրանին բացեց հանդիպման հաշիվը, սակայն հետագայում Ուելսի ընտրանուն կանգնեցնել չկարողացավ: Բեյլն ու ընկերները մեկը մյուսի ետևից 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը և արարեցին Ուելսի պատմության մեջ ամենամեծ ֆուտբոլային սխրանքը: Պորտուգալիայի հետ դիմակայությունը պայքար է այս պահին գրեթե հավասար երկու հավաքականների միջև:
«Երբ ես վերադարձա թիմի մարզաբազա քառորդ եզրափակիչ հանդիպումից հետո, տեսա, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստվում էին հաջորդ հանդիպմանը: Այս ամենն ինձ շատ է ուրախացնում: Մեզ համար այս ամենը նոր է, սակայն մենք սա էլ կհաղթահարենք: Մեզ սպասում է հերթական հանդիպումը, և մենք պետք է հավատանք մեր ուժերին ու առաջ շարժվենք»,-ասել է Ուելսի ընտրանու գլխավոր մարզիչ Քրիս Կոուլմանը:
Պորտուգալիա-Ուելս: Ուելսի և Պորտուգալիայի հավաքականները միմյանց միջև անցկացրել են 3 պաշտոնական հանդիպում: Իր ակտիվում 2 հաղթանակ ունի Պորտուգալիան, մեկը՝ Ուելսը: Պորտուգալիայի հավաքականի կազմում որակազրկման պատճառով հանդիպմանը չի մասնակցի Ուիլյամ Կարվալյուն, իսկ ահա Ուելսի ընտրանուն չեն կարողանա օգնել Արոն Ռեմզին և Բեն Դեվիսը: Հանդիպման գլխավոր մրցավարն է Յունաս Էրիկսոնը: Մրցավեճը կայանալու է Լիոնում և սկսվելու է Երևանի ժամանակով`ժամը 23:00-ին: